
Վրաստանի բոլոր նախագահները կողմ են եղել երկրի եվրոպական ինտեգրմանը. Մարգվելաշվիլի

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի բոլոր նախագահները կողմնակից են եղել երկրի եվրոպական ինտեգրմանը: Այս մասին այսօր Ստրասբուրգում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին:
Եվրախորհրդարանն այսօր պետք է վավերացնի հունիսի 27-ին ԵՄ-ի ու Վրաստանի միջև ստորագրված Ասոցացման համաձայնագիրը: Դրա հետ կապված՝ Մարգվելաշվիլին հայտարարել է. «Այսօր հատուկ ու կարևոր օր է իմ երկրի համար: Մենք մոտենում ենք եվրոպական ընտանիքին:
Իմ երկրի բոլոր նախագահները՝ Գամսախուրդիա, Շևարդնաձե, Սաակաշվիլի« ինչպես և մեր կառավարությունը կողմնակից են եղել այդ գաղափարին: Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ այդ գաղափարին»:
Մարգվելաշվիլին ընդգծել է, որ Վրաստանը կհասնի իր վերջնական նպատակին. կդառնա ԵՄ-ի ու եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ: Նրա խոսքերով՝ Վրաստանը շատ կարևոր դեր է խաղում Եվրոպայի ու Ասիայի խաչմերուկում, և շարունակելու է այդ դերը խաղալ նաև ապագայում:
Մարգվելաշվիլին Ստրասբուրգում հանդիպումներ է ունեցել Եվրախորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չեռնեցկու և Եվրախորհրդարանի՝ արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոքի հետ: Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին նույնպես գտնվում է Ստրասբուրգում, ուր նրան հրավիրել է Եվրոպական ժողովրդական կուսակցությունը: