Արցախի ճանաչումը շուտով կհասնի պետական եւ միջազգային կազմակերպությունների հարթակ. «Արմենպրես»

Արցախը որդեգրել է բազմաստիճան ճանաչման ռազմավարություն եւ շուտով երկրի արտաքին դիվանագիտությունը` Հայաստանի եւ սփյուռքի օժանդակությամբ, նահանգային մակարդակից կանցնի նաեւ պետությունների եւ միջազգային կազմակերպությունների հարթակ:

«Արցախի ճանաչումը նախ սկսվեց տեղական համայնքային մակարդակով: Շատերն ասում էին, որ դա ճիշտ չէ, քննադատում էին մեզ: Այժմ Արցախի ճանաչումն ընթանում է նահանգային մակարդակով: Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Կալիֆորնիան, որն աշխարհ տասը զարգացած տնտեսություն ունեցող նահանգներից մեկն է, մեզ ճանաչում են Բասկերի երկրում, Նոր Ուելսում: Շուտով մենք կհասնենք նաեւ պետական մակարդակի եւ միջազգային կազմակերպությունների հարթակ: Սա մեր նպատակն է եւ մենք Հայաստանի ու սփյուռքի հետ բավական քրտնաջան ենք աշխատելու այս ուղղությամբ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

Անդրադառնալով դեկտեմբերի 17-ին Եվրախորհրդարանի կողմից Պաղեստինի պետության ճանաչման փաստին, Բաբայանն ասաց, որ Ստեփանակերտը ողջունում է ցանկացած ճանաչում, որը հիմնված է ազգերի ինքնորոշման իրավունքի վրա` մանավանդ, եթե այն ընթանում է իրավունքի սահմաններում: Սակայն, այս պարգայում, ըստ ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակի, Պաղեստինի եւ Արցախի հիմնախնդիրները միմյանցից խիստ տարբեր են:

«Պաղեստինի անկախության սկզբունքին դեմ չէ նաեւ Իսրայելը, որը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է ճանաչել Պաղեստինի անկախությունը. ուղղակի այնտեղ սահանների խնդիր կա: Ղարաբաղի դեպքում Ադրբեջանը վարում է ոչ կառուցողական, կարծր ֆաշիստական քաղաքականություն եւ չի էլ քննարկում Ղարաբաղի ճանաչման հեռանկարները»,- ասաց Դավիթ Բաբայանը` հավելելով, որ նման զարգացումները ազդակ են Ադրբեջանի համար, որ այդ երկիրը վերանայի այդ կածր քաղաքականությունը:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս