Նիկոլ Փաշինյան. «Ես չեմ կարող մի դաշտում գործել խուլիգանի ու փողոցային բառապաշարով մարդկանց հետ» (տեսանյութ)

«Այն փաստը, որ հայտարարության համահեղինակն է ՀՀԿ-ն, թույլ տվեք, այդ փաստով իսկ կասկած հայտնել այդ հայտարարության անկեղծությանը»,- վերջին օրերին ազատամարտիկների և պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ կիրառված բռնությունների կապակցությամբ ՀՅԴ-ի նախաձեռնած ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նրա՝ ԱԺ համատեղ հայտարարության ընդունումը որոշ մարդկանցից ինդուլգենցիա տալու համար է արվում: Նա նշեց, որ երեկվանից հանդուրժոականության կոչերով շրջանառության մեջ է դրվում այդ հայտարարությունը, բայց այսօր էլ «սպիտակ մազերով մարդը 4 երեխայի մորը» վիրավորում ու ինչ-որ հայտարարություն էր անում, ու մեկը չկար, որ նրան զսպեր: Փաշինյանի խոսքով՝ ԱԺ դահլիճում յուրաքանչյուր պատգամավոր հերթագրվելու իրավունք ունի ու կարող է ասել ցանկացածը:

«Այդ մարդիկ, որ գրավոր քննություն տան, բավարար չեն ստանա»,- ասաց նա:

Ն.Փաշինյանը ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին կոչ արեց ՀՀԿ նիստ հրավիրել ու բացատրել ախոռի ու ԱԺ-ի տարբերությունը. «Դա կլինի ձեր ամենամեծ ծառայությունը: Մնացածը հերթական գոլորշի բարձրացնելու բան է: Ես դեմ եմ, ես չեմ կարող մի դաշտում գործել խուլիգանի ու փողոցային բառապաշարով մարդկանց հետ: Իմ գործը նրանց դեմ պայքարելն է, իմ գործունեությունը նվիրված է լինելու այդ պատգամավորներին իրենց տեղը ցույց տալը»:

Կարդացեք նաև

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը Ն.Փաշինյանին խորհուրդ տվեց անկեղծությունը թղթի վրա փնտրել: Ըստ նրա՝ ինչ գրված է հայտարարությունում նաև Փաշինյանի ասածին է վերաբերվում. «Իմ ուզածը չի էստեղ գրված: Ինչ հայտարարվել է, դրանց 99%-ին անդրադարձ է եղել: Միայն ՀՅԴ հայտարարությունը չի սա»:

Ա.Ռուստամյանի գնահատականով՝ քաղաքական ուժին պիտակավորելն անթույլատրելի է, պայքարը պետք է տանել օրինական ճանապարհով. «Չարին չարով պատասխանելը չարը մեծացնում է: Սա պարզ իրողություն է: Սրանից եկեք խուսափենք: Վիրավորանքին վիրավորանքով պատասխանելը ճիշտ չէ»:

Ն.Փաշինյանի խոսքով, եթե այդ հայտարարության տակ ստորագրում են այն մարդիկ, որոնք իրենք են բռնություն կիրառում, ապա փորձում են ցույց տալ, թե իրենք կապ չունեն այդ բռնությունների հետ ու ինքը չի կարող կողմ քվեարկել նման հայտարարությանը:

Ա.Ռուստամյանը կոչ արեց՝ չդատել՝ չդատվելու համար, իսկ եթե մեղավորը ստորագրում է, ուրեմն ինքը դա գնահատում է որպես «մաքրվելու փորձ»:

Տեսանյութեր

Լրահոս