
Դանիան հայտ է ներկայացրել ՄԱԿ-ին` Արկտիկայի խոշոր հատվածի վրա իր վերահսկողությունը հաստատելու համար

BBC-ի փոխանցմամբ` Դանիայի ու նրա ինքնավարություն Գրենլանդիայի իշխանությունները երեկ հայտ են ներկայացրել ՄԱԿ-ին` Արկտիկայում մայրցամաքային շելֆի սահմանների հաստատման համար: Դանիան հավակնում է շատ ավելի մեծ տարածքի, քան ենթադրվում էր ավելի վաղ` 895.000 քառակուսի կիլոմետր Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի հատակին:
Ամենայն հավանականությամբ, արկտիկյան մյուս երկրները կվիճարկեն Դանիայի տվյալ քայլը, քանի որ նրանք նույնպես հավակնում են բնական պաշարներով բավական հարուստ այդ շրջանների վրա իրենց վերահսկողությունը հաստատելուն: Նորվեգիան արդեն իսկ իր հետաքրքրությունն է հայտնել շելֆի այն հատվածի նկատմամբ, որին այժմ հավակնում է Դանիան` Գրենլանդիայի հետ միասին:
Ռուսաստանը, Կանադան ու ԱՄՆ-ը նույնպես հավակնում են Արկտիկայի մեծ հատվածների, ուր ենթադրաբար գտնվում է նավթի համաշխարհային պաշարների 13 տոկոսն ու բնական գազի համաշխարհային պաշարների 30 տոկոսը: