Հայաստանը` ԵՄ կրթական տարածքի մաս
Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակությունում այսօր տեղի է ունեցել հանդիպում, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի կրթական ոլորտի բարեփոխումներին, Բոլոնիայի գործընթացի համատեքստում 2015 թվականին Երևանում կայանալիք նախարարական գագաթաժողովին, ինչպես նաև Էրազմուս+ ծրագրին վերաբերող մի շարք հարցեր: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան, ՀՀ-ում ԵՄ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ:
Տրայանն Հրիսթեան իր ողջույնի խոսքում նշել է, Բոլոնիայի նախարարարական գագաթաժողովն առաջին անգամ տեղի է ունենալու ոչ ԵՄ անդամ հանդիսացող երկրում: Դեսպանը կարևորել է աջակցությունը գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին` եվրոպական կրթական միասնական տարածքի զարգացման տեսանկյունից: Տրայան Հրիսթեան, խոսելով Էրազմուս+ ծրագրի մասին, նշել է, որ Հայաստանն ակտիվ մասնակցություն է ունեցել Եվրամիության կրթական բոլոր ծրագրերին` հույս հայտնելով, որ Էրազմուս+-ն էլ նույնքան պահանջված ու հաջողված կլինի Հայաստանի կրթական ոլորտում:
Նախարար Արմեն Աշոտյանը, ողջունելով հանդիպման մասնակիցներին, կարևորել է Երևանում կայանալիք նախարարական գագաթաժողովի ոչ միայն կրթական, այլ նաև քաղաքական նշանակությունը: Արմեն Աշոտյանը տեղեկացրել է, որ Բելառուսը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և Կոսովոն հայտ են ներկայացրել դառնալու Բոլոնիայի գործընթացի անդամ` ընդգծելով, որ վերոնշյալ երկրների անդամակցության հարցը կորոշվի Երևանում կայանալիք նախարարական համաժողովին:
Ա.Աշոտյանի խոսքով` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Բոլոնիայի անդամ դառնալու համար հարկավոր է, որպեսզի պետությունները միանան Եվրոպական խորհրդի Մշակութային ժառանգության կոնվենցիային, ինչն արդեն վավերացվել է ԼՂՀ ԱԺ-ի և Կոսովոյի խորհրդարանի կողմից, բայց քանի որ այս երկու երկրները պաշտոնապես Եվրոպայի խորհրդի անդամ չեն, նրանց ներկայացրած հայտերը առկախվել են` մինչև ԵԽ-ն կազմ ընդգրկվելը:
Նախարարը նաև տեղեկացրել է, որ Հայաստանը դիմել է իր եվրոպացի գործընկերներին` Երևանում կայանալիք գագաթաժողովին հրավիրել նաև հարևան երկրների գործընկերներին: Ա. Աշոտյանն անդրադարձել է գագաթաժողովի ֆինանսավորման, ինչպես նաև համաժողովի շրջանակում ստորագրվելիք մի շարք փաստաթղթերի, մասնավորապես, գագաթաժողովի ամփոփիչ կոմյունիկեին: Նա նաև տեղեկացրել է, որ Ֆրանսիան և Վրաստանը հայտ են ներկայացրել` ստանձնել Բոլոնիայի քարտուղարության ղեկավարությունը: Նախարարն անդրադարձել է նաև Էրազմուս+ ծրագրին` այն կարևորելով ուսանողների և դասախոսների շարժունության, բուհերի միջազգայնացման, ինչպես նաև կրթության ոլորտում ՀՀ-ԵՄ մերձեցման տեսանկյունից և ընդգծել, որ վերջին երկու ծրագրերին ՀՀ բուհերի մասնակցությունը կտրուկ աճել է: Հանդիպմանը դեսպանները մի շարք հարցեր են ուղղել նախարարին, որոնք, մասնավորապես, վերաբերել են ՀՀ կրթական ոլորտի մարտահրավերներին, այդ թվում` նախադպրոցական, ներառական, ինչպես նաև միջին մասնագիտական կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին: