Բաժիններ՝

Օբաման հայտարարել է արտերկրում ԱՄՆ-ի ռազմական խոշոր գործողությունների ժամանակաշրջանի ավարտի մասին

ABC News-ի փոխանցմամբ` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ արտասահմանում ամերիկյան բանակի կողմից ռազմական խոշոր գործողություններ անցկացնելու ժամանակաշրջանը մոտեցել է իր ավարտին: Դրա հետ մեկտեղ Օբաման հայտարարել է, որ զորքերը պետք է պատրաստ լինեն տարբեր առաջադրանքների իրագործմանը:

Օբաման Մաքգուայր-Դիքսի ռազմաբազայում հազարավոր զինծառայողների առջև ունեցած ելույթում հայտարարել է, որ իրենց ավարտին են մոտեցել այն ժամանակները, երբ ԱՄՆ-ն այլ երկրներում ռազմական խոշոր գործողություններ էր իրականացնում ցամաքային զորքերի մասնակցությամբ: Նա հիշեցրել է, որ մինչև ընթացիկ տարեվերջ կավարտվի Աֆղանստանից զորքերի հիմնական մասի դուրս բերումը:

Օբաման հավելել է, որ Աֆղանստանի անվտանգության ապահովմամբ 2015 թվականի սկզբից զբաղվելու են տեղական իշխանությունները. «Ավելի քան 13 տարի անց Աֆղանստանում ավարտվում է մեր ռազմական գործողությունը: Այդ տարածաշրջանը նախկինի նման շարունակում է մնալ վտանգավոր վայր»:

Օբաման հիշեցրել է, որ Աֆղանստանում ու Իրաքում մնալու է 15.000 զինծառայող, մինչդեռ նախկինում նրանց թիվը հասնում էր 180.000-ի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս