Ալվինա Գյուլումյանը՝ ՄԻԵԴ կայացրած վճիռների մասին
ՄԻԵԴ-ում նախկին դատավոր, այժմ ՀՀ Սահմանդարական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանն այսօր ասաց, որ ՀՀ նկատմամբ ՄԻԵԴ կայացված վճիռներով արձանագրված խախտումները երբևէ չեն կրկնվել: «Այսինքն՝ եթե մենք՝ որպես Եվրոպական դատարան, արձանագրել ենք մի խախտում, ապա եթե եղել են կրկնվող գործեր, դրանք վերաբերվել են նույն ժամանակաշրջանին: Ասենք՝ եղել են խախտումներ կապված խաղաղ հավաքների ազատության հետ, բայց դրանք նույն ժամանակշրջանին են վերաբերվել: Այնուհետև հետևել է կամ օրենսդրական փոփոխությունը, կամ որոշակի փոփոխություններ իրակակիրառողի վարքագծում»,- ասաց Ալվինա Գյուլումյանը՝ նշելով, թե երբեմն նույնիսկ խախտման վերացումն, ըստ էության, նախորդել է վճռի կայացմանը:
«Այսինքն՝ արդեն կոմունիկացիայի փուլում մեր ներկայացուցիչը կարողացել է նկատել, թե ինչումն է սխալը, և մինչև դատարանը վճիռ կկայացներ, համապատասխան օրենսդրական փոփոխություն է եղել»:
Ալվինա Գյուլումյանն ասաց, որ ՀՀ-ի նկատմամբ չի եղել արձանագրված խախտում, երբ կառավարության կողմից որևէ խոչընդոտ ստեղծվի անձի համար Եվրոպական դատարան դիմելու իր իրավունքի առումով՝ կառավարության կամ նրա համապատասխան մարմինների կողմից: Նրա խոսքով՝ ըտս էության այդ մասին որևէ դիմում չեն ունեցել, որն արժանի լիներ քննարկման:
Միևնույն ժամանակ Ալվինա Գյուլումյանն ասաց, որ իր կողմից դիտարկված գործերի արդյունքում նկատել է, որ կառավարությունը ձեռնպահ է մնում կամ հաճախ չի անդրադառնում բաեկամական կարգավորման խնդրին:
«Ինձ համար առավել անընդունելի էր, երբ կառավարությունը երեք գործերով (վերջին երեք վճիռներն էին, որոնք կայացվեցին իմ մասնակցությամբ) արդեն իր միակողմանի հայտարարության պահանջներն, ըստ էության, չկատարեց, և դա պատճառ հանդիսացավ, որպեսզի դատարանն այդ գործերը վերականգի ցանկում և դրանցով վճիռ կայացնի:
Կցանկանայի, որ հետագայում մենք խուսափեինք նման երևույթներից, որովհետև դա, ըստ էության նաև պետության վարկի, հեղինակության խնդիր է, երբ մենք միակողմանի հայտարարություն ենք կատարում, հետո այդ հայտարարությունը չենք կատարում, և դատարանը ստիպված է լինում վճիռ կայացնել»: