Դոնբասի հակամարտության հետևանքով զոհերի թիվը հասել է 4364-ի. ՄԱԿ
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի արևելքի հակամարտության հետևանքով մինչև նոյեմբերի 30-ը զոհվել է 4364 մարդ, ևս 10.064-ը վիրավորվել է: Այս տվյալները նշված են Ժնևում հրապարակված ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության 8-րդ զեկույցում:
Փաստաթուղթը պատրաստվել է Ուկրաինայում գործող մոնիթորինգային առաքելության տվյալների հիման վրա: Ընդգծվում է, որ թե՛ սպանվածների, թե՛ վիրավորների թվում կան ինչպես զինվորականներ, այնպես էլ՝ քաղաքացիական անձինք: Ընդ որում, քաղաքացիական անձանց կորուստներն ավելի մեծ են:
Բացի այդ, հակամարտության գոտու դիահերձարաններում շարունակում է մնալ ավելի քան 1000 դի, որոնց ինքնությունը ճանաչված չէ: Շատ դեպքերում մարտերի պատճառով անհնար է հասնել զոհվածների աճյունների վայրեր: Նոյեմբերի 1-30-ին դիտորդները ֆիքսել են բնակելի թաղամասերի ավելի քան 100 հրետակոծություն:
Զեկույցում ընդգծվում է, որ ավելի քան մեկ միլիոն մարդ է լքել Ուկրաինայի այն շրջանները, որոնց շոշափել է զինված հակամարտությունը: Փաստաթղթի համաձայն՝ հուլիսի 3-ից մինչև նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում ներքին տեղահանվածների թիվն Ուկրաինայում 59.600 մարդուց աճել է մինչև 498.347-ի:
Եվս 545.628 մարդ մեկնել է հարևան երկրներ: Նրանցից 232.260-ն ապաստան է խնդրել: Զեկույցում նշված է, որ եթե նոյեմբերի սկզբին ներքին տեղահանվածների թիվն օրական աճում էր 2000-ով, ապա նոյեմբերի վերջի դրությամբ դա հասել է 5000-ի:
Զեկույցում նաև խոսք է գնում հակամարտության շոշափած մոտ 5.2 միլիոն մարդկանց ծանր դրության, ենթակառուցվածքներին հասցված լուրջ վնասի, տնտեսական կոլապսի ու սոցիալական ու բժշկական ծառայությունների աշխատանքների խախտման մասին: