Ուկրաինայի ազգային անվտանգության սպառնալիքները Ռուսաստանն ու կոռուպցիան են. Սաակաշվիլի

ReeD-ին տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայի համար սպառնալիք են ներկայացնում կոռուպցիան ու Ռուսաստանը.

«Անհնար է շահել ագրեսորի հետ այս մարտը, եթե պաշտպանության համար հատկացված գումարները յուրացվեն: Եթե ոստիկանությունը շարունակի մնալ կոռումպացված, ապա այն կծառայի որպես հինգերորդ շարասյուն, Պուտինի բնական դաշնակից:

Այնտեղ, որտեղ նրանք վաճառում են ուկրաինական պետականությունը, վաճառում են նաև իրենց Հայրենիքը: Դրա համար էլ ներկայումս կոռուպցիան Ուկրաինայի ազգային անվտանգության համար առաջին ուղիղ սպառնալիքն է Ռուսաստանի հետ մեկտեղ:

Կոռուպցիան ու Ռուսաստանը շատ ուժեղ փոխկապակցված են միմյանց: Ուկրաինան քիչ ժամանակ ունի՝ բարեփոխումների ու մանևրների համար: Դրա համար էլ Ուկրաինայի իշխանությունները պետք է գործեն արագ»:

Սաակաշվիլին մեկնաբանել է նաև Վրաստանի կառավարության այն հայտարարությունը, որ Ուկրաինայում Վրաստանի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին պաշտոններ տալը կարող է լարվածություն առաջացնել երկու երկրների հարաբերություններում:

Սաակաշվիլին հայտարարել է, որ վրացի ժողովուրդն այնքան ջերմ ու եղբայրաբար է տրամադրված Ուկրաինայի հանդեպ, որ որևէ լուրջ սպառնալիք չի տեսնում դրանում, որ կարող են խզվել Ուկրաինայի հետ դիվանագիտական հարաբերությունները:

Սաակաշվիլին վստահություն է հայտնել, որ Ուկրաինայում պաշտոն ստացած վրացիներն օրինակ կծառայեն ուկրաինացիների համար, նրանք չեն վերցնի կաշառքներ, ապօրինություններ չեն գործի մրցույթների հայտարարման ժամանակ, ինչի համար ինքը մեծապես հպարտ է:

Տեսանյութեր

Լրահոս