Քանի վճիռ է կայացրել ՄԻԵԴ-ը Հայաստանի վերաբերյալ և որքան գումարի պահանջ է բավարարել

2002 թվականից մինչև 2014թ. սեպտեմբերի դրությամբ Հայաստանի դեմ Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան ներկայացվել ավելի քան 2000 գանգատ:

Այս մասին այսօր Մարդու իրավունքների եվրոպական չափանիշները և եվրոպական դատարանում կառավարության լիազոր ներկայացուցչի դերը մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության ապահովման հարցում միջազգային համաժողովի ընթացքում ասաց ՀՀ գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը: Նրա խոսքով՝ 2014թ. նոյեմբերի 1-ի դրությամբ ՀՀ վերաբերյալ կայացվել է 49 վճիռ:

ՀՀ մասնակցությամբ ՄԻԵԴ-ի ընդունած վճիռներով դիմումատուների կողմից 2014թ. նոյեմբերի 1-ի դրությամբ ներկայացվել է ընդհանուր 15 մլն 260 հազար եվրոյին համարժեք փոխհատուցման պահանջ, որից, Գևորգ Կոստանյանի, խոսքով՝ բավարարվել է շուրջ 574 հազար եվրոն, այսինքն՝ ընդհանուր պահանջի 3,8 տոկոսը:

Գ. Կոստանյանը տեղեկացրեց, որ Եվրոպական դատարանի կողմից բավարարված հայցերի գումարն ամբողջությամբ փոխհատուցվել է: Նա նշեց, որ բավարարված գումարից 146 հազար եվրոն՝ բավարարված գումարի 26 տոկոսը, վճարվել է ոչ պետական բյուջեի միջոցների հաշվին:

«Բոլորիս համատեղ ջանքերով է միայն հնարավոր մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության բարդ խնդրի իրացումը և Եվրոպական դատարանի իրավական չափանիշների ներդրումը»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս