Բաժիններ՝

Խնայո՞ւմ ենք, թե՞ ծախսում ավելին. Առողջ սնվելու խորհուրդներ դիետոլոգից

Սննդաբան (դիետոլոգ), գաստրոէնտերոլոգ Վարդանուշ Պետրոսյանի խոսքով՝ իր այցելուներից շատերը միշտ ակնարկում են, որ առողջ սնվելն ավելի թանկ է, քան այն սնունդը, որն իրենք օգտագործում էին մինչ քաշը նվազեցնելն ու մինչ առողջ սնվելը: Այո՛, դա համապատասխանում է իրականությանը: «Միայն մեր երկրում է երևի, որ փոր ունենալը լավ ապրուստի նշան է: Մի քիչ հույս կա, որ սա կամաց-կամաց «մոդայից» դուրս է գալիս»,- իր ֆեյսբուքյան էջում գրում է դիետոլոգը:

Առողջ սնունդը իսկապես պահանջում է հետևողականություն, համբերություն և գումար: Չնայած միշտ էլ կարելի է կատարել ճիշտ ընտրություն նույնիսկ փոքր քսակով: Կարելի է գտնել նաև խնայելու մի քանի պարզ լուծումներ:

1. Գնեք միայն սեզոնային բանջարեղեն

Սեզոնային բանջարեղենները, ոչ միայն մատչելի են այլև օգտակար: Այն բանջարեղենները, որոնք չեն դիմանում ցրտին ներկրվում են կամ աճեցվում են ջերմոցներում: Երկու դեպքում էլ դրանք չեն կարող զերծ մնալ քիմիական նյութերից, և ուրեմն չեն էլ կարող օգտակար լինել, չհաշված, որ դրանց գինը կարող է վախեցնող լինել: Ձմռանը հաստատ խորհուրդ չեմ տա գնել լոլիկ, վարունք, սմբուկ, որոնք ինչքան թանկ են, այնքան էլ անօգուտ, եթե ոչ վնասակար: Կաղամբ, բողկ, գազար, բազուկ, դդում հանգիստ կարելի է գնել:

Կարդացեք նաև

2. Սեզոնին հավաքեք ձմեռվա պաշարը:

Ամռանը կամ աշնանը մի զլացեք հոգալ ձմեռվա մասին: Երբ բանջարեղենն ու կանաչիները, մրգերն ու հատապտուղներն այնքան հասանելի ու մատչելի են, կարելի է դրանք չորացնել կամ սառեցնելով պաշարել և հեշտացնել ձմեռվա ճաշի պատրաստությունը, համ ժամանակ կխնայեք համ էլ գումար կտնտեսեք:

3. Աննախադեպ առաջարկ
Խանութներում պետք չէ գայթակղվել ակցիաներով, երկուսը մեկի գնով ձեռք բերելու առաջարկներով: Նաև հաճախ ենք անգիտակցաբար դրամարկղի մոտ «ձեռքի հետ» ձեռքի տակ շարված հասանելի ապրանքները զամբյուղի մեջ նետում մինչ հերթը հասնելը: Դրանք մարկետինգային քայլ-առաջարկներ են, որոնք հաստատ ձեր բարօրության համար չեն մշակվել:

4. Ցուցակ
Անիմաստ իրեր չգնելուն օգնում է նաև նախապես պլանավորելն ու ցուցակ կազմելը:

5. Կիսաֆաբրիկատներ
Մի գնեք կիսապատրաստ ուտելիքներ: Նախ չգիտեք, թե ինչ թարմության մթերքից են պատրաստվել, հետո քանակային առումով նախատեսածից շատ են լինում բաժինները և իհարկե գինը ավելին է, քան եթե ինքներդ պատրաստեք:
Առողջ սնվեք՝ խնայելով ձեզ և ձեր գումարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս