«Ի՞նչ գործ ունես՝ նրա հետ նստես, հաց կիսես և այդ հաց կիսելու ընթացքում ինչ-որ բաներ ասես կամ չասես». Արմեն Աղայանը՝ ազատամարտիկներին և Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելու դեպքերի մասին

«Ես չգիտեմ՝ ո՞վ է հեղինակը, Արամ Մանուկյանի դեպքը նոր է, և ոչ մի հավելյալ տվյալ չունեմ, բացի այն, որ հրապարակվել է, իսկ ազատամարտիկների դեպքը, կարծես թե, պարզ է, թե ով է, նույնիսկ ինչ-որ իմաստով անուղղակի խոստովանված դեպք է»,-168.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Աղայանը:

Հիշեցնենք, որ օրերս նաև ազատամարտիկներ Մանվել Եղիազարյանին, Ռազմիկ Պետրոսյանին և Սուրեն Սարգսյանին էին անհայտ անձինք ծեծի ենթարկել: Իսկ երեկ իր տան շքամուտքի մոտ ծեծի են ենթարկել ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանին:

Ա. Աղայանից հետաքրքրվեցինք, թե արդյոք այդ դեպքերը կարո՞ղ են կապված լինել միմյանց հետ: Նա պատասխանեց, որ շատ հնարավոր է՝ կապված լինեն, բայց պարտադիր չէ, որ նույն մարդը հրահանգած լինի, որ դա միաժամանակ տեղի ունենա.

«Ուղղակի մթնոլորտն իջնում է այդ մակարդակին: Ասենք, սրանից հետո քաղաքական հարցերում ինչ-որ անձնական պահ հենց շոշափվի՝ անմիջապես ծեծով է պատասխանվելու:

Բայց ես ուզում եմ մի հատ մյուս կողմին էլ նկատել, եթե դիմացինդ քեզ այդ աստիճանի հակառակորդ է՝ ի՞նչ գործ ունես նրա հետ նստես հաց կիսես և այդ հաց կիսելու ընթացքում ինչ-որ բաներ ասես կամ չասես: Այսինքն՝ սա ինչ-որ իմաստով դաս է բոլոր իսկապես ընդդիմադիր մարդկանց՝ վերահսկել իրենց անձնական շփումները հակառակորդ ուժի հետ, եթե դու այդ անձնական շփումներում շատ մերձենում ես, այսպիսի հետևանքներն ավելի հավանական են դառնում: Սա չի նշանակում, որ այլ դեպքում երաշխավորված ես, որ դու չես ծեծվի»:

Ըստ Աղայանի՝ այս դեպքերի հիմնական պատասխանատվությունը, միանշանակ, իշխանություններինն է՝ թե՛ այն պատճառով, որ թույլ են տալիս, և թե՛ այն պատճառով, որ, ամենայն հավանականությամբ, հենց իրենք են արել՝ կա՛մ կոլեկտիվ, կա՛մ նրանցից որևէ մեկը:

Մեր հարցին էլ՝ հնարավոր չե՞ք համարում, որ հենց իշխանությունների դեմ ուղղված քայլ էր սա, Ա. Աղայանն այսպես պատասխանեց.

«Եթե նունիսկ իշխանությունների դեմ ուղղված քայլ է, ապա, ամենայն հավանականությամբ, այդ քայլը պլանավորել է իշխանությունների մեկ այլ թև, բայց ես դրա մասին որևէ տվյալ չունեմ»:

Տեսանյութեր

Լրահոս