Բաժիններ՝

Թուրքիան ահաբեկչության դեմ պայքարում ծախսել է 400 միլիարդ դոլար. Բինալի Յըլդըրըմ

Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) պատգամավոր, Թուրքիայի տրանսպորտի, նավագնացության և կապի նախկին նախարար Բինալի Յըլդըրըմը NTV հեռուստաալիքի ուղիղ եթերում հայտարարել է, թե Թուրքիան ահաբեկչության դեմ պայքարում ծախսել է 400 միլիարդ դոլար.

«Ահաբեկչության դեմ 40-ամյա պայքարում կորցրել են 40.000 մարդ և ծախսել ենք 400 միլիարդ դոլար: Եթե մենք այդ 400 միլիարդ դոլարը չծախսեինք անիմաստ պատերազմի վրա, ապա այդ գումարը կարող էինք ծառայեցնել երկրի զարգացմանը:

Այդ գումարով հնարավոր կլիներ կառուցել 120 հատ «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» նավթամուղ, Սուլթան Սելիմ Ահեղի կամրջի (Ստամբուլում Բոսֆորի նեղուցի վրայով կառուցվող երրորդ կամուրջ) նման 100 կամուրջ, Հարավարևելյան-անատոլիական նախագծի (GAP, Եփրատ ու Տիգրիս գետերի վրա ջրային խոշոր նախագծեր) նման 13 նախագիծ, ինչպես նաև չէինք տա ավելի քան 40.000 զոհ»:

Հիշեցնենք, որ 2011 թվականի օգոստոսի 20-ին Թուրքիայի տրանսպորտի, նավագնացության և կապի տվյալ ժամանակվա նախարար Բինալի Յլդըրըմը հայտարարել էր, որ 1984-2011 թվականներին «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) դեմ մղած 27-ամյա պայքարում Թուրքիայի ուղղակի ծախսերը կազմել են 300 միլիարդ դոլար, սակայն անուղղակի ծախսերը շատ ավելի մեծ են եղել` 700 միլիարդ դոլար։ Ընդհանուր առմամբ` PKK-ի դեմ պայքարը Թուրքիայի համար արժեցել է 1 տրիլիոն դոլար:

2007 թվականին Թուրքիայի փոխվարչապետ Ջեմիլ Չիչեքն իր հերթին հայտարարել էր. «Եթե 1984 թվականից PKK-ի դեմ պայքարում ծախսված մոտ 300 միլիարդ դոլարը ներդրվեր երկրի տնտեսության մեջ, ապա Թուրքիան աշխարհի տնտեսապես ամենազարգացած երկրների (G-8) թվում այսօր կլիներ 7-րդը: Ահա թե ինչպիսին է PKK պատճառած տնտեսական վնասը»:

Իսկ 2013 թվականի հունվարի վերջին Թուրքիայի տվյալ ժամանակվա վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան վերջին 30 տարում «ահաբեկչության» (PKK-ի) դեմ պայքարում ծախսել է 400 միլիարդ դոլար և եթե չլիներ «ահաբեկչությունը», ապա այսօրվա Թուրքիայի փոխարեն գոյություն կունենար բավական այլ Թուրքիա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս