Georgian Airways-ը խոստացել է այսօրվանից վերականգնել դեպի Մոսկվա չվերթները
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Georgian Airways – Airzena ավիաընկերությունը դեկտեմբերի 12-ից վերականգնում է Թբիլիսի-Մոսկվա ուղղությամբ ավիաչվերթները: Այս մասին երեկ հայտարարել է ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Թամազ Գաիաշվիլին:
Նրա խոսքերով՝ այդպիսի որոշում է ընդունվել Վրաստանի կառավարության հետ բանակցություններից հետո. «Մեր պահանջները մասնակի բավարարվել են: Երկուշաբթիից սկսած՝ փուլ առ փուլ կբավարվեն նաև մնացյալ պահանջները: Եթե երկուշաբթի չմեկնարկի տվյալ գործընթացը, ապա վերստին կշարունակենք ակցիաները»:
Georgian Airways-ի ներկայացուցիչներն արդեն մի քանի օր է, ինչ անցկացնում էին բողոքի ակցիաներ՝ ներկայացնելով 7 պահանջ: Ընկերության հիմնական դժգոհության պատճառ էր հանդիսացել այն, որ ռուսական ավիաընկերություններին ընձեռվել էր Թբիլիսի-Մոսկվա-Թբիլիսի ուղղությամբ անսահմանափակ չվերթներ իրականացնելու իրավունք:
Ընկերությունը պահանջել է Ռուսաստանի հետ ավիահաղորդակցությունը վերականգնել այն նույն պայմաններով, որոնք գործել են մինչև թռիչքների դադարեցումը (մինչև 2006 թվականի նոյեմբերը):