Շտայնմայերը ԿՀՎ-ի կողմից կտտանքները կիրառելը համարել է լուրջ սխալ
Epoch Times-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը լուրջ սխալ է որակել ամերիկյան ԿՀՎ-ի կողմից կտտանքներ կիրառելը. «Անընդունելի են այն մեթոդները, որոնք այն ժամանակ կիրառվել են իսլամական ահաբեկիչների դեմ պայքարում:
Այլևս չպետք է կրկնվեն մեր ազատության, ժողովրդավարական արժեքների կոպիտ խախտումները: ԱՄՆ ներկայիս նախագահ Բարաք Օբաման չի շարունակում իր նախորդի՝ Ջորջ Բուշի քաղաքականությունը: Մենք ողջունում ենք այն, որ Վաշինգտոնը բաց ձևով խոստովանում է իր սխալները և խոստանում է, որ այլևս չի կրկնվի նման բան»:
Դեկտեմբերի 9-ին հրապարակվել է այն գաղտնի զեկույցի 1/12-րդ մասը, որն առնչվում է 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո ԿՀՎ-ի կողմից ենթադրյալ ահաբեկիչներին հարցաքննելիս կտտանքներ կիրառելուն:
ԿՀՎ-ի կողմից կտտանքներ կիրառելն արդեն իսկ դատապարտել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, իսկ ահա ֆրանսիական «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը հավանության է արժանացրել դրանք: