Քարշ գալու, հպատակի հոգեբանության կրողները
ՀՀԿ-ն, «Բարգավաճ Հայաստանը», «Օրինաց Երկիրը», ՀԱԿ-ը, Դաշնակցությունը և արտախորհրդարանական բազմաթիվ ուժեր քարշ գալու, հպատակի հոգեբանության կրողներն են, պարզապես Մհեր Սեդրակյանն անկեղծ ասել է՝ ինչ մտածում է, իսկ մյուսները՝ ոչ: 168.am-ի հետ հարցազրույցում այսպիսի կարծիք հայտնեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում ԵՏՄ պայմանագրի վավերացմանը:
Ըստ նրա՝ այս մտածողությունն է պատճառը, որ Հայաստանի իշխանություններն ու քաղաքական վերնախավն այդպես էլ պատասխանատվություն չվերցրին իրենց վրա պետության համար և երկրի անվտանգությունը նվիրեցին այլ պետության: Հակադարձելով այն տեսակետին, որ՝ «եթե ռուսը չլինի, մեզ կկոտորեն», Ա.Իշխանյանը հիշեցրեց Սարդարապատի ճակատամարտը, երբ մենք մենակ էինք և հաղթանակ տարանք, որովհետև հույսը դրեցինք մեր սեփական ուժերի վրա. «Կուզենայի նաև հիշեցնել մեր քաղաքական ուժերին Հայաստանի 1-ին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի խոսքերը՝ «մենք մենակ ենք և հույսը պետք է դնենք միայն մեզ վրա. հայերով ոչ ոք չի հետաքրքրվում, և եթե կարող ենք հաղթել, ապա միայն սեփական ուժերով»: Այս ամենը մոռացվեց, և մենք կրկին ընկանք էն հի՜ն մտածողության գիրկը»:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի տպագիր համարում: