Լեռնային Ղարաբաղը ցանկանում է գոյություն ունենալ. Բակո Սահակյանի հարցազրույցը իտալական IL GIORNO պարբերականին

Իտալական IL GIORNO թերթում դեկտեմբերի 8-ին լույս է տեսել ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի հարցազրույցը, որը ներկայացնում ենք թարգմանաբար։
– Պարոն Նախագահ, ի՞նչ ազդեցություն ունի ադրբեջանական նավթն ու գազը բանակցությունների վրա:
– Նավթը և գազը ունեն ազդեցություն աշխարհաքաղաքականության վրա և Ադրբեջանը բացառություն չէ: Բայց պետք է ընդգծեմ մի կարևոր հանգամանք. որքան շատ է Ադրբեջանը արտահանում ածխաջրածիններ, այդքան կարծրանում է նրա տրամադրվածությունը բանակցությունների հանդեպ: Կա մի մշտական զուգահեռ ածխաջրածինների արտահանման պայմանագրերի և հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար Ադրբեջանի կողմից անհրաժեշտ փոխզիջումների գնալու ցանկության միջև: Առաջին ազդանշանն էր 1997թ., երբ առաջին նավթային ծրագրի ստորագրումից հետո Ադրբեջանը հրաժարվեց բանակցել մեզ հետ: Եվ այս զուգահեռը շարունակվում է:

– Ինչո՞ւ:

– Նավթից ստացվող բարձր եկամուտների շնորհիվ, վերջին 10 տարիների ընթացքում, ադրբեջանական ռազմական ծախսերը ավելացել են 2500 տոկոսով: Բայց ես կարծում եմ, որ նավթը և ռազմական ծախսերը ոչինչ են, երբ պայքար ենք մղում ազատության և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության համար: Ավելին, ածխաջրածինների արտահանման եկամուտներից Ադրբեջանի կառավարությունը կարող էր ունենալ մի սքանչելի հնարավորություն և զարգացնել սոցիալական քաղաքականությունը, լինել առաջադեմ, այլ ոչ թե դառնար Եվրասիական մայրցամաքի ամենաազատասպան ռեժիմներից մեկը, որը ճնշելով ազատ մամուլի ձայնը՝ տարածում է հակահայկական ռազմատենչ քարոզչություն:

– Ինչո՞ւ ՄԱԿ-ը և միջազգային կազմակերպությունները բավարար քայլեր չեն ձեռնարկում:

Կարդացեք նաև

– Իրավացի եք, անշուշտ կարող են ավելին անել: Հարկավոր է նշել, որ ավելի քան երկու տասնամյակ է, ինչ շարունակվում են ադրբեջանական ջանքերն՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի մեկուսացմանը և միջազգային կազմակերպությունների ուշադրության նվազեցմանը: Իհարկե, սա մարդու իրավունքների խախտումների և Ադրբեջանի ճնշումների շարունակություն էր, որոնց ենթակա էինք ԽՍՀՄ ժամանակ: Ադրբեջանի յուրաքանչյուր քայլն այս ուղղությամբ մի կողմից ցույց է տալիս ամբողջ աշխարհին մեր պայքարի լեգիտիմ պատճառները, մյուս կողմից ամրապնդում է մեր վճռականությունը՝ հաստատուն քայլերով շարժվել դեպի մեր պետության կառուցումը:

Ինչ վերաբերում է միջազգային հանրությանը, մեր հանրապետության անկախության և մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքի գործընթացին, ցավոք, ականատես ենք երկակի չափանիշների: Կոսովոյի և Հարավային Սուդանի ճանաչումը դրա վառ օրինակներն են: Ամեն դեպքում մենք չենք հուսահատվում: Մեր պետականությունը հիմնադրվեց այն պահին, երբ աշխարհի ամենակարևոր ժողովրդավարական համակարգերի նման, մենք էլ պատասխանեցինք հակառակորդի ոտնձգություններին` իրականացնելով մեր ապստամբելու և ինքնորոշման իրավունքը: Մեզ պարտադրեցին անհավասար պատերազմ, բայց չնայած ամեն ինչի, մենք հաղթանակեցինք: Կար արժեհամակարգային անհամաչափություն: Մենք մարտնչում էինք մեր օրրանների և մեր հիմնարար իրավունքների պաշտպանության համար, իսկ ադրբեջանցիները զբաղված էին տարածքային ներխուժմամբ:

– Ինչպիսի՞ն են հարաբերությունները Հայաստանի հետ:

– Գիտեք, ցեղասպանություն վերապրած հայոց սփյուռքը Հայաստանի և Արցախի մեջ տեսնում է իր հայրենիքը: Արցախի, Հայաստանի և հայկական սփյուռքի միջև ինքնության առումով կան, մի տեսակ, սիմբիոտիկ հարաբերություններ: Սա չի ազդում մեր դե ֆակտո անկախության և մեր հանրապետության դե յուրե ճանաչմանը հասնելու վճռականության վրա:

– Հակամարտության մեջ կա՞ր կրոնական բաղադրիչ:

– Ոչ, պատճառները համամարդկային էին հիմնարար իրավունքների տեսանկյունից: Սակայն պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից կար կրոնական շահարկում, երբ ադրբեջանական ճակատը բաղկացած էր չեչեն ջիհադիստներից և աֆղան վարձկաններից:

– Լեռնային Ղարաբաղը դեռ ճանաչված չէ։ Ինչպիսի՞ն է լինել մի երկրի նախագահ, որը դե յուրե գոյություն չունի։

–Ես ինձ «թերի» նախագահ չեմ զգում, քաղաքացիները ընտրել են ինձ և մենք պայքարում ենք մեր ժողովրդի ազատության համար: Երեկ մենք նահանջելու տեղ չունեինք խրամատներում` պաշտպանելով մեր գյուղերը, այսօր` մեր ժողովրդավարական համակարգի ամրապնդման գործում: Ես շատ վճռական եմ տրամադրված:

– Սխալներ կայ՞ին Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ:

– Բոլոր պատերազմները ողբերգություններ են: Ես կիսում եմ ամեն մի անհատի, թե՛ մի կողմի, թե՛ մյուս, մահվան ցավը: Պատերազմը մեզ պարտադրվեց, մենք հաղթեցինք և ձեռք բերեցինք մի զգայունություն. նոր պատերազմից կարելի է խուսափել: Ակնհայտ է, որ Բաքվին պակասում է այս զգայությունը և որոշ դասեր մոռացվել են:

– Իսկ Իտալիայի հետ հարաբերություննե՞րը:

– Իտալիայի ժողովրդի հետ առկա են շարունակական մշակութային և արժեքային շփումներ: Չկան դեռ քաղաքական և տնտեսական պաշտոնական հարաբերություններ: Մենք բազմապատկում ենք մեր բազմադարյա բարեկամության ներուժը: Իհարկե, դժվար չէ, եթե հաշվի առնենք, որ նաև ձեր վերածնունդը ոգեշնչեց մեր պայքարը, ավելին՝ պատերազմի ժամանակ որքան կարևոր էին Լոմբարդիա և Վենետո նահանգների քաղաքական գործիչների առաքելությունները Արցախում: Մենք գիտակցում ենք, որ այն Եվրոպան, որը պատկանում է ժողովուրդներին, չի ավարտվում Արցախում, այլ ավելին՝ սկսվում է Արցախից: Մենք այդ Եվրոպայի առաջնագիծն ենք:

– Հայոց Ցեղասպանությունից 100 տարի անց, ո՞րն է Ձեր ուղերձը:

– Մենք՝ այդ ցեղասպանության վերապրողների ժառանգներս, 20 տարի առաջ միայնակ ստանձնեցինք մի նոր ցեղասպանություն կանխելու պարտավորությունը և դա կանենք ամեն անգամ, երբ անհրաժեշտ լինի: Իհարկե, Բաքվի կողմից քարոզվող հայատյացությունը բավականին վտանգավոր արկածախնդրություն է:

Artsakhpress.am

Տեսանյութեր

Լրահոս