Ծեծը, բռնությունը, կաշառակերությունը պարոն Գասպարյանի պաշտոնավարման տարիներին ոստիկանությունում գրեթե վերացել են. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվանը նվիրված միջոցառման ժամանակ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը խոսեց մի քանի գերատեսչություններում մարդու իրավունքների վիճակի մասին:

Կ. Անդրեասյանն ասաց, որ 2014թ. ՀՀ սահմանադրական դատարանը մի քանի փայլուն որոշումներ է կայացրել, որոնք նրա խոսքով՝ ժողովրդի համար ստեղծել են մի շարք դրական նախադրյալներ, պաշտպանել են «տասնյակ հարյուրավոր հազարավոր մարդկանց». «Իրենց խորը իրավագիտական վերլուծություններով սահմանադրական դատարանի որոշումները նույնիսկ հենք են հանդիանում և ապագայի որոշակի իրավական տեսլականներ են ձևավորում»:

«Ոստիկանության հետ կապված ես կուզեի նշել հետևյալը: Ծեծը, բռնությունը, կաշառակերությունը վերջին տարերին պարոն Գասպարյանի պաշտոնավարման տարիներին ոստիկանությունում գրեթե վերացել են, նվազել են, և դա բացարձակ ակնհայտ է ցանկացած, նույնիսկ ոչ պրոֆեսիոնալ աչքի համար: Ոստիկանները դարձել են ավելի բարեկիրթ, ավելի բարեհամբույր, ոստիկանի կերպարը մարդու թշնամուց վերածվում է մարդու առաջին պաշտպանի, և մենք դա արձանագրել ենք վերջին մեկ տարվա ընթացքում, նաև վերջին տարիների ընթացքում»,- ասաց Կարեն Անդրեասյանը՝ նշելով, որ կա խնդիր՝ կապված խաղաղ հավաքների հետ կապված: Նրա խոսքով՝ ցանկանում են ակտիվացնել աշխատանքային խմբի գործունեությունը, «որպեսզի հստակ խաղի կանոններ սահմանվեն թե ոստիկանների համար, որոնք հայտնվում են այդ ծանր վիճակում, և թե մեր քաղաքացիական քաղաքական ակտիվիստների համար, որպեսզի ոստիկանություն և մարդ բախումները միասին աշխատելով նվազեցնենք 2015թ.»: Կարեն Անդրեասյանն ասաց, որ բազմաթիվ դրական խոստումներ են ստացել արդարադատության նախարարության հետ կապված:

Անդրադառնալով ՀՀ քննչական կոմիտեի գործունեությանը՝ ՄԻՊ-ը նշեց, որ այն վերջին մեկ-երկու ամիսների ընթացքում այնպիսի մարդակենտրոն աշխատանք է տանում, որ և՛ տուժողի, և՛ մեղադրյալի իրավունքները պաշտպանվում են. «Մենք տեսնում ենք թափանցիկ մոտեցում, նախաքննության գաղտնիքն այլևս պատվար չի դարձվում՝ փակ վարագույրների հետևում անցկացնելու համար»:

Նրա խոսքով՝ մեծ են նաև կրթության և գիտության նախարարույթան ձեռքբերումները:

Կարեն Անդրեասյանը հատուկ շնորհակալություն հայտնեց կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանին՝ Բյուրեղավանի դպրոցում տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված. նրա խոսքով՝ դրական համագործակցություն ունեն կառավարության հետ:

Կարեն Անդրեասյանի խոսքով՝ այս տարի հայոց բանակը պաշտպանել է բոլորիս կյանքի և արժանապատվության իրավունքը ադրբեջանական սիստեմատիկ ագրեսիաներից: Նա ասաց, որ հետևողական աշխատանքների շնորհիվ վերադարձվել են այ գերիների, հայ օդաչուների աճյունները, զորակոչը մաքրվել է բժշկական մանիպուլիացիաներից, նվազել են կոռուպցիոն դրսևորումները զորակոչիկների բաշխման գործընթացում:

Միջացառմանը մասնակցում են ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը, արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:

Տեսանյութեր

Լրահոս