
Ադրբեջանում իշխանական ճնշումների պատճառով իր գործունեությունը դադարեցրել է Meydan TV-ն

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Meydan TV օնլայն-ալիքը երեկ հայտարարել է իր գործունեության դադարեցման և Բաքվում իր գրասենյակի փակման մասին: Այս մասին նշված է Meydan TV-ի կայքում տեղ գտած հայտարարությունում:
Որպես դրա պատճառ՝ նշվում է Ադրբեջանում խոսքի ազատության խեղդումը, անկախ ԶԼՄ-ներին ճնշելը: Meydan TV-ն հայտարարել է, որ այդ քայլին է գնում իր աշխատակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով:
Ընդգծվում է, որ այդ հեռուստաալիքը ստեղծվել է մեկ տարի առաջ՝ Ժողովրդավարության աջակցման եվրոպական հիմնադրամի (ԵՄ-ի կառույց) ֆինանսական աջակցությամբ: Ադրբեջանի իշխանությունները քանիցս Meydan TV-ին մեղադրել են երկրի վերաաբերյալ կեղծիք ու զրպարտություն տարածելու մեջ: