Նիլս Մույժնիեքսը քննադատել է Ադրբեջանի իշխանություններին՝ Խադիջա Իսմայլովային կալանավորելու համար
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպայի Խորհրդի՝ մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Նիլս Մույժնիեքսը կտրուկ քննադատել է Ադրբեջանի իշխանություններին՝ լրագրող Խադիջա Իսմայլովային կալանավորելու համար:
Նա ընդգծել է, որ իր գրասենյակի գործընկեր ու հայտնի լրագրող Խադիջա Իսմայլովային կալանավորելը հաստատել է իր այն մտահոգությունը, որ Եվրոպայի Խորհրդի հետ համագործակցող իրավապաշտպաններն ու քաղաքացիական հասարակության ակտիվիստները բռնությունների են ենթարկվում Ադրբեջանում:
Մույժնիեքսը հիշեցրել է, որ Իսմայլովայի հետ վերջին անգամ հանդիպել է հոկտեմբերին, Բաքվում, և ականատես է եղել նրա վճռականությանն ու դրական տրամադրվածությանը նրանց բոլոր իրավունքների պաշտպանության հանդեպ, ովքեր կալանավորվել կամ ենթարկվել են հալածանքների:
Եվրահանձնակատարը մանրամասնել է, որ կալանավորվելուց բառացիորեն ժամեր առաջ Իսմայլովան լրագրողներից մեկի գործով կապվել է իր գրասենյակի հետ. «Այժմ ամենաիսկական ժամանակն է, որպեսզի Ադրբեջանի իշխանությունները դադարեցնեն մարդու իրավունքները ճնշելն ու ազատ արձակեն բոլոր նրանց, ովքեր վանդակաճաղերից այն կողմ են հայտնվել իրենց կարծիքն արտահայտելու համար»: