
Ռուսական ՀՕՊ-ը մարտին Ղրիմում հարկադիր վայրէջք է պարտադրել ԱՄՆ-ի ԱԹՍ-ին. մամուլ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի զենիթա-հրթիռային զորքերը Ղրիմում տեղի ունեցած մարտյան իրադարձությունների ժամանակ հարկադիր վայրէջք են պարտադրել ամերիկյան ռազմական անօդաչու թռչող սարքին: Այս մասին նշված է Ռուսաստանի ՀՕՊ-ի հարյուրամյակին նվիրված հոբելյանական պարբերականում:
Դրանում նշված է, որ ուկրաինական կողմը փորձել է ԱԹՍ-ի կիրառմամբ օդային հետախուզում կազմակերպել Ղրիմում: ԱԹՍ-ն ընդգրկված է եղել ռազմական հետախուզության ամերիկյան բրիգադի 66-րդ խմբավորման կազմում (Բավարիա) և ուղարկվել է Կիրովոգրադ քաղաքի շրջան (Ուկրաինա).
«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում վնասազերծվել է իսրայելական կառուցվածքով MQ-5B Hunter տիպի երկու ԱԹՍ: Դրանցից մեկը մարտի 10-ին խոցվել է Արմյանսկ քաղաքի (Ղրիմ) աշխարհազորայինների կողմից, իսկ երկրորդին մարտի 13-ին վայրէջք է պարտադրվել ռուսական ռադիոտեխնիկական հետախուզության 1Л222 «Ավիաբազա» ցամաքային համալիրի օգնությամբ»:
Ներկա դրությամբ Ղրիմում արդեն իսկ ստեղծվել է ՀՕՊ-ի լիարժեք համակարգ, որն ունակ է հետ մղել օդային հարձակման միջոցների ցանկացած հարձակում: Մասնավորապես, Ղրիմում են տեղակայվել Панцирь մերձակա և С-300ПМУ հեռահար զենիթա-հրթիռային համալիրներ: