2015 թվականին մեկ բարել նավթի գինը կարող է նվազել մինչև 43 դոլարի. Morgan Stanley
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Morgan Stanley ներդրումային բանկի կանխատեսմամբ՝ 2015 թվականին Brent տիպի մեկ բարել նավթի գինը կարող է նվազել մինչև 43 դոլարի: Ներկա դրությամբ այն արժե 67.16 դոլար, ինչը վերջին մոտ 5 տարիների (2010 թվականի մայիսից) ամենացածր ցուցանիշն է:
Իսկ WTI տիպի մեկ բարել նավթի գինը ներկայումս նվազել է մինչև 64.49 դոլարի: ԱՄՆ-ում բազավորված Morgan Stanley-ն կանխատեսել է, որ նավթի գնանկման շարունակման դեպքում 2015 թվականին Brent տիպի մեկ բարել նավթի գինը կնվազի մինչև 43 դոլարի:
Բանկի պատրաստած զեկույցի համաձայն՝ 2015 թվականի առաջին եռամսյակում մեկ բարել նավթի գինը կարող է նվազել մինչև 57 դոլարի, իսկ երկրորդ եռամսյակում՝ մինչև 43 դոլարի: Դրա հետ մեկտեղ բանկը կանխատեսել է, որ հաջորդ տարվա երրորդ եռամսյակում նավթի գինը կբարձրանա մինչև 48 դոլարի, իսկ չորրորդ եռամսյակում՝ մինչև 65 դոլարի:
Կանխատեսման համաձայն՝ 2017 թվականին մեկ բարել նավթի գինը կհասնի առնվազն 75 դոլարի, իսկ 2018 թվականին՝ առնվազն 80 դոլարի: Մեկ բարել նավթի համար որպես հնարավոր ամենաբարձր գին է նշվել 120 դոլարը: