ԱՊՀ և ՄՄ երկրների հետ մաքսային համագործակցությունը Սոչիում նոր ուղղություն է ստացել
Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 3-5-ը Սոչիում մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի (ՄԾՂԽ) 60-րդ նիստի և Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 13-րդ նիստի աշխատանքներին: ԱՊՀ ՄԾՂԽ 60-րդ նիստի ընթացքում ստորագրվել է 15 որոշում, քննարկվել են ապրանքների մաքսային արժեքի որոշման և հսկողության համար անհրաժեշտ տեղեկատվության փոխանակման, մտավոր սեփականության օբյեկտների փոխադրման նկատմամբ մաքսային հսկողության, էլեկտրոնային առևտրի, ԱՊՀ մասնակից պետությունների շրջանակում միասնական տարանցման համակարգի ստեղծման հնարավորության, ինչպես նաև Մաքսային միության մաքսային սահմանով փոխադրվող ապրանքների և փոխադրամիջոցների մասին նախնական իրազեկման հետ կապված հարցերի լայն շրջանակ:
Նիստի ընթացքում ԱՊՀ անդամ պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նախագահ է ընտրվել ՌԴ դաշնային մաքսային ծառայության ղեկավար Ա.Բելյանինովը: Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 13-րդ նիստին ՀՀ ՖՆ պատվիրակությունը մասնակցել է դիտորդի կարգավիճակով: Նիստի ընթացքում ստորագրվել է 26 որոշում: Ի դեպ, Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի հերթական՝ 14-րդ նիստն անցկացվելու է Երևանում` 2015 թվականի առաջին եռամսյակում: Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է նաև հնգակողմ հանդիպման` Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի մաքսային ծառայությունների ղեկավարների մասնակցությամբ` նվիրված ՀՀ-ի՝ ԵՏՄ անդամակցության շրջանակում տեղեկատվական համակարգերի համադրման խնդիրներին:
ՀՀ ՖՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին