Հանրապետականի մեր գործընկերները թող չմատահոգվեն «Ժառանգության» ապագայով. Արմեն Մարտիրոսյան
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը այսօրվա ասուլիսում խոսելով դեկտեմբերի 5-ին կուսակցության քաղաքացիական ժողովի սակավամարդության մասին՝ նշեց, որ հանրահավաքային մարդաշատության պարագայով չէ, որ քաղաքական պրոցեսները գնահատվում են:
Ըստ նրա՝ սակավամարդ լինելու հանգամանքը տարբեր պատճառներ կարող է ունենալ՝ սկսած եղանակային պայմաններից, վերջացրած՝ նյութական ռեսուրսի բացակայությունից. «Կարծում եմ՝ «Ժառանգության» պարագայում դա ամենամեծ խնդիրը չէ, որովեհտև 2005 թվականից, երբ «Ժառանգությունն» առանձին հանրահավաքներ էր անցկացնում, երբևիցե մեզ մոտ մարդաշատություն չի եղել, բայց դա բացարձակ չի խանգարել, որպեսզի ընտրություններում մենք բավականաչափ ձայներ հավաքենք: Երևանում 3 կուսակցություն կա, որը Երևանի ավագանու անդամ է, որից մեկը «Ժառանգությունն» է:
Այնպես որ, կարծում եմ՝ միայն հանրահավաքային մարդաշատության պարագայով չէ, որ քաղաքական պրոցեսները գնահատվում են»:
Ա. Մարտիրոսյանը տեղեկացրեց նաև, որ երևի այս տարի կուսակցությունը սրանով էլ կավարտի:
Դիտարկմանը՝ որոշ հանրապետական պատգամավորներ ասում են՝ «Ժառանգությունն» իր շանս արդեն կորցրել է, Ա. Մարտիրոսյանն այսպես արձագանքեց.
«Ես կարծում եմ՝ երկրի խնդիրը ոչ թե «Ժառանգության» շանսերը կորցնելու խնդիրն է, այլ խնդիրը կայանում է իշխանության և մեծամասնության մեջ, որովհետև «Ժառանգությունը» իր շանսը կգտնի, կկորցնի, նորից կգտնի՝ դրանով ո՛չ Հայաստանը ճոճանակային դիվանագիտություն է իրականացնում, ո՛չ բյուջեն է թալանում, ո՛չ կոռուպցիան է զարգացնում: Կարծում եմ՝ շատ ավելի ճիշտ կլիներ, որ Հանրապետականի մեր գործընկերները մտածեն ավելի ֆունդամենտալ քայլեր կատարելու մասին, քան շատ մատահոգվեն «Ժառանգության» ապագայով, որը կարծում եմ՝ այնքան էլ վատ չի լինի: Եթե քիչ ընտրությունները կեղծեն, քիչ վարչական ռեսուրս օգտագործեն ընդդեմ կուսակցության, կարծում եմ՝ «Ժառանգության» հետ կապված խնդիրներ չեն լինի»: