![](/banners/BeFunky-design.jpg)
Դեռ ավարտված չէ ամերիկացի զինվորականների առաքելությունն Աֆղանստանում. Չաք Հեյգել
![](https://168.am/wp-content/uploads/2014/12/42E62D7D-F225-4123-A8D6-608E29108515_w640_r1_s_cx0_cy3_cw0.jpg)
«Ամերիկայի ձայն» ռադիոկայանի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնին հրաժեշտ տվող Չաք Հեյգելը ելույթ է ունեցել Աֆղանստանում ամերիկացի զինվորականների առջև:
Հեյգելը հայտարարել է, որ չնայած նրան, որ ամերիկացի զինվորականները շուտով Աֆղանստանում կդադարեն մասնակցել թալիբների դեմ ռազմական գործողություններին և կսկսեն զբաղվել աֆղան զինվորականների ուսուցմամբ՝ նրանց աշխատանքը չի հեշտանա դրանից:
Հեյգելը, ով ոչ վաղ անցյալում է հրաժարական ներկայացրել, վերջին անգամ Աֆղանստան է ժամանել երեկ: Դիմելով Ջելալաբադից ոչ հեռու գտնվող ռազմաբազայում ծառայող ամերիկացի զինվորականներին՝ Հեյգելը հայտարարել է, որ նրանց աշխատանքը դեռ ավարտված չէ.
«ԱՄՆ-ը չի ցանկանում, որ ջուրն ընկնի այն վիթխարի առաջընթացը, որը ձեռք է բերվել աֆղանական 13-ամյա կամպանիայի ժամանակ»: Ամերիկյան զորքերն Աֆղանստան են մուտք գործել 2001 թվականի հոկտեմբերին՝ տապալելու համար թալիբների ռեժիմը, որոնք թաքցրել են «Ալ-Քաիդայի» զինյալներին, որոնք ավելի վաղ ահաբեկչություններ են իրականացրել ԱՄՆ-ի տարածքում:
ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ի գծով նրա գործընկերները մինչև տարեվերջ Աֆղանստանից դուրս կբերեն իրենց զինվորականների մեծ մասին: Երկրում մնալու է միայն 12.500 ամերիկացի զինվորական՝ աֆղանական զորքերի ուսուցման համար: 4 տարի առաջ՝ ռազմական գործողությունների գագաթնակետի ժամանակ, Աֆղանստանում գտնվել է ՆԱՏՕ-ի մոտ 130.000 զինծառայող: