
Եգիպտոսի՝ 18-40 տարեկան քաղաքացիները Թուրքիա մեկնելու համար պետք է ստանան ուժայինների թույլտվությունը

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսի իշխանությունները երկրի 18-40 տարեկան իրենց քաղաքացիներին պարտավորեցրել են Թուրքիա մեկնելուց առաջ ստանալ Կահիրեի անվտանգության ծառայության թույլտվությունը: Դա արվում է երկրից վարձկանների արտահոսքը կանխելու նպատակով:
Եգիպտոսի ՆԳՆ-ի ներկայացուցիչ Խանի Աբդուլ Լաթիֆը հայտարարել է, որ իրենք կայացրել են այդպիսի որոշում, քանի որ ձգտում են կանխել Սիրիայում գործող խմբավորումների շարքերը համալրելու եգիպտացիների փորձերը, որոնք այնտեղ են հայտնվում Թուրքիայի տարածքով:
Եգիպտոսի իշխանությունների տվյալներով՝ Սիրիայում ու Իրաքում հաշվվում է մի քանի հարյուր եգիպտացի զինյալ: Հաղորդվում է, որ 24 ժամվա ընթացքում արգելվել է ավելի քան 200 եգիպտացու մուտքը Թուրքիա:
Եգիպտոսի իշխանությունների այս քայլը նորարարություն չէ. Եգիպտոսի քաղաքացիներից այդպիսի թույլտվություն է պահանջվում, եթե նրանք պատրաստվում են մեկնել Սիրիա, Իրաք ու Հորդանան: