Ֆիլիպիններում թայֆունի պատճառով տարհանել են ավելի քան մեկ միլիոն մարդու (տեսանյութ)
Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Հագուպիտ» թայֆունի պատճառով Ֆիլիպիններում տարհանված անձանց քանակը դեկտեմբերի 8-ի առավոտվա դրությամբ գերազանցել է մեկ միլիոն մարդու սահմանագիծը:
Այս մասին հայտնել է Ֆիլիպինների ԱԻՆ-ը: Թայֆունից տուժել է 1.07 միլիոն մարդ, 1.06 միլիոն մարդ գտնվում է տարհանման կենտրոններում: Պաշտոնական տվյալներով՝ թայֆունը խլել է երեք մարդու կյանք, որոնցից մեկն անչափահաս աղջիկ է:
Ֆիլիպինների կենտրոնական հատվածում գրանցված տեղատարափ անձրևների հետևանքով գրանցվել են մի շարք փլուզումներ, որոնք էլ հանգեցրել են հոսանքազրկումների, խնդիրներ են առաջացրել կապի համակարգում ու ցամաքային հաղորդակցության ոլորտում:
Թայֆունի հետևանքով դադարեցվել է ծովային հաղորդակցությունը, չեղյալ է հայտարարվել գրեթե 200 ավիաչվերթ: Մի շարք օդանավակայաններ փակվել են ամբողջովին: Ներկա դրությամբ թայֆունը զգալիորեն կորցրել է իր ուժը և որակվում է որպես արևադարձային փոթորիկ, քամու արագությունը կազմում է 120 կմ/ժամ, որը երբեմն հասնում է մինչև 150 կմ/ժամի:
Ամեն տարի հունիս-դեկտեմբեր ամիսներին Ֆիլիպինները տուժում են մոտ երկու տասնյակ թայֆուններից: Մեկ տարի առաջ գրանցված «Յոլանդա» գերթայֆունը խլեց 6300 մարդու կյանք, ևս 1000-ը ցայժմ համարվում է անհետ կորած: Թայֆունը տանիքից զրկել էր 4 միլիոն մարդու: