
Իսրայելի բնակեցման քաղաքականությունը խաթարում է խաղաղ կարգավորման հեռանկարը. Ջոն Քերի

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի բնակեցման քաղաքականությունը խաթարում է Մերձավոր Արևելքում խաղաղ կարգավորման հեռանկարը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին՝ այդ հարցը որակելով որպես «Իսրայելի հետ տակտիկական տարաձայնություն».
«Այո՛, մենք (ԱՄՆ և Իսրայել) ժամանակ առ ժամանակ տարակարծություններ ենք ունենալու տակտիկական ինչ-ինչ հարցերի, այդ թվում նաև բնակեցման հարցի շուրջ: Մենք խորապես համոզված ենք, որ այդ հարցերը խաթարում են խաղաղ կարգավորման հեռանկարը, միջազգային հանրության աչքերում մեկուսացնում են Իսրայելին:
Միջազգային խաղացողների մեծ մասը կիսում է մեր այս մոտեցումը: ԱՄՆ-ն ու Իսրայելն այս տարակարծությունների մասին արտահայտվում են ուղիղ ու բաց ձևով: Սակայն չկասկածեք, որ մեր երկրների միջև կապերը մնում են անխախտ, ինչպես նաև այն, որ ԱՄՆ-ը հավատարիմ է Իսրայելի անվտանգության ապահովմանը»:
Քերին ընդգծել է, որ վերջին շրջանում իրավիճակը լրջորեն սրվել է, և որ այն ողջ ժամանակահատվածում, երբ նա զբաղվել է խնդրով, տարածաշրջանում երբևէ չի եղել այդչափ հիասթափություն: Քերին կարևորել է խաղաղ բնակչության շրջանում զոհերի գրանցման և նոր բաց հակամարտության առաջացման կանխումը: