Անահիտ Բախշյան. Եղվարդի համայնքապետն իր տեղում չէ միանշանակ, նա պետք է անմիջապես հրաժարական տար

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում Եղվարդի մանկապարտեզի թունավորման դեպքի հետ կապված նոր բացահայտումներ արեցին Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը, «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը:

Անահիտ Բախշյանին զայրացրել էր Եղվարդի քաղաքապետի հայտարարությունը, թե ինքը գործ չունի սննդի հետ: «Կներեք, համայնքի ղեկավարների պարտականությունների մեջ հստակ գրված է՝ մանկապարտեզի գործունեության վերահսկում, կազմակերպում և այլն: Այնտեղ նշված չէ՝ սննդից բացի, սնունդն էլ է մեջը:

Հարգելի քաղաքապետ, նախքան ձեր թեկնածությունը դնելը, մի քիչ օրենք կարդայիք, իմանայիք թե ինչ եք անելու, ինչպես եք անելու, ինչ մեխանիզմներ, ինչ լծակներ ունեք ձեր ձեռքի տակ և դրան համապատասխան որոշեիք՝ առաջադրվել, թե՞ ոչ:

Համայնքի ղեկավարների գործունեության թիվ 1 թիրախներից մեկը մանկապարտեզի սննունդն է, այնպես որ՝ այդ համայնքապետն իր տեղում չէ միանշանակ: Նա պետք է անմիջապես հրաժարական տար, մանկապարտեզի վարիչը նույնպես պետք է հրաժարական տար: Իրենք պետք է ցույց տային, որ իրենց մեղքի բաժինն ընդունում են և հրաժարական են տալիս: Աստված ոչ անի, մի երեխայի մի բան լիներ, ի՞նչ պետք է անեին: Սա հանցագործության մի տեսակ է: Ամենաթողությունը մեր երկրում չի խնայում նույնիսկ երեխաներին»,- ասաց նա:

Բաբկեն Պիպոյանը նշեց՝ դեռևս փաստաթղթերի աուդիտի ժամանակ արդեն իսկ պարզ էր, որ կան ռիսկային կազմակերպություններ և անհրաժեշտություն կա ստուգումներ անցկացնելու: Մինչ օրս այդ ռիսկային կազմակերպություններում ստուգումներ չեն արվել և «Հայկազունք» կազմակերպությունը, որը կաթնաշոռ ու թթվասեր էր մատակարարել այդ մանկապարտեզին,  ևս ներառված է եղել դրանց ցանկում:

«Նախորդ ասուլիսից հետ Առողջապահության նախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ՝ միայն այն, որ հարուցվել է քրեական գործ, ապացույց է , որ ծածկադմփոց չի իրականացվում:  Եթե Առողջապահության նախարարությունը կամ Սննդի անվտանգության պետական ծառայությունը  ծածկադմփոց չեն արել, ուրեմն՝ ընդհանրապես աշխատել չգիտեն: Եթե գնում են մանկապարտեզ ու էլեմենտար տրամաբանություն չունեն, որ երեխաներին հարցնեն՝ ի՞նչ եք կերել, որ նրանք էլ պատասխանեն՝ նրբերշիկ, ապա չհայտարարելը ծածկադմփոց չէ: Բայց  ավելի լավ է ծածկադմփոց արած լինեին, քան ասեին, որ այդ էլեմենտար տրամաբանությունը չունեն»,- նկատեց Բ. Պիպոյանը:

Իսկ ըստ Անահիտ Բախշյանի՝ քրեական գործը ծածկադմփոց անելու լավագույն ձևն է:

Բաբկեն Պիպոյանը, սակայն, նշեց, որ նման հարցերում չի տեսել, որ ոստիկանությունը թերանա. «Էլի մի բան եթե իմացել ենք՝ ոստիկանությունից ենք իմացել»:

Տեսանյութեր

Լրահոս