«Մենք չկարողացանք Երևանում դղյակներ կառուցող նոր գործարարների, նոր փողատերերի ախորժակը զսպել»

«Մենք այժմ կառուցում ենք վստահելի շենքեր, բայց վստահելի բնակավայր չենք կառուցում, քանի որ շենքերի խտությունը Երևան քաղաքում՝ հատկապես կենտրոնում, մենք շատ մեծացրինք: Որքան էլ շենքը կայուն լինի, վերջին հաշվով՝ նա իր շրջապատը փլատակներով է լցնելու»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում նման տեսակետ հայտնեց Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպիսին է Երևանը «պաշարած» էլիտար շենքերի սեյսմակայունությունն ու դրանց ազդեցությունը շրջակա շինությունների սեյսմակայունության վրա:

Նրա խոսքով՝ Երևանը շատ լուրջ խնդիրներ ունի լուծելու, և որպեսզի բոլոր տները մոտեցվեն կայունության անհրաժեշտ աստիճանին, կպահանջվի 30 միլիարդ դոլար. «Իհարկե, դա մեկ տարում անելու գործ չէ, մեծ հեռանկարային ծրագիր պետք է լինի, բայց մենք նման բանի մասին նույնիսկ երազել չենք կարող ներկայիս դրությամբ: Այնուամենայնիվ հիմիկվանից է պետք խոսել այդ ծրագրերի մասին, որպեսզի ինչ-որ ժամանակահատվածում կարողանանք այդ խնդիրներն ու թերությունները վերացնել»:

Ըստ Մ. Մինասյանի՝ մենք դրսից վերցրինք ամենավատը՝ բարձրահարկ շենքեր կառուցելու մոլուցքը՝ առանց հաշվի առնելու, որ մենք ունենք գեղեցիկ կենտրոն, որի դիմագիծն աղավաղել պետք չէր. «Ներկայիս բարձրահարկ շենքերը մեր անփույթ ու անհեռանկարային աշխատանքի հետևանքն են: Յուրաքանչյուր 50 տարին մեկ մեզ մոտ ուժգին երկրաշարժեր են տեղի ունենում, և մեզ մոտ կար մոտեցում, կանոն, որ 4 հարկից բարձր չպետք է լինեն շենքերը: Հետո քանի որ տեխնոլոգիաները զարգանում են, այդ մոտեցումը 9 հարկ դարձավ, իսկ դրանից էլ բարձր շենքեր կառուցելիս պետք է երկաթբետոնե կմախքի վրա, մետաղական կոնստրուկցիաներով անպայման կառուցել, թեև մեզ մոտ շատ տեղերում դա ուղղակի չի պահպանվում:

Նորակառույց բարձրահարկ այդ էլիտար շենքերը, այո՛, աղավաղում են մեր քաղաքի դիմագիծը: Մենք չկարողացանք այդ նոր գործարարների, նոր փողատերերի ախորժակը զսպել: Մենք կարող էինք դա անել, բայց այնպես անել, որ քաղաքը շահեր, այսինքն՝ ճիշտ ձևով արվեր: Ինչ վերաբերում է կառուցվող այն հսկայական առանձնատներին, «դղյակներին», որոնք քաղաքի բոլոր կողմերից ու հատկապես կենտրոնից երևում են, ապա ով ուզում էր լիներ, ոչ ոքին էլ չէր կարելի թույլ տալ նման շենքեր կառուցելու»:

 

Տեսանյութեր

Լրահոս