Տրանսֆերտների զուտ ներհոսքը աճել է՝ ԿԲ տեղեկագրի վրիպակի արդյունքում
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի հոկտեմբեր ամսվա տեղեկագրի՝ այս տարվա հունվար-հոկտեմբերին բանկային համակարգի ֆիզիկական անձանց ոչ առևտրային նպատակով կատարված փոխանցումները նվազել են 28.6 միլիոն դոլարով կամ շուրջ 1.9%-ով։ Փոխանցումների ներհոսքը այս տարվա առաջին 10 ամիսների ընթացքում կազմել է 1 միլիարդ 484.7 միլիոն դոլար՝ 2013թ. նույն ժամանակահատվածի 1 միլիարդ 513.3 միլիոնի դիմաց։
Ռուսաստանից եկող դրամական փոխանցումները նվազել են 57.1 միլիոն դոլարով կամ 4.4%-ով։ Այս տարի ֆիզիկական անձինք ՌԴ-ից Հայաստան ոչ առևտրային նպատակներով փոխանցել են 1 միլիարդ 241.4 միլիոն դոլար՝ նախորդ տարվա 1 միլիարդ 298.6 միլիոնի դիմաց։
Միևնույն ժամանակ, Հայաստանից Ռուսաստան դրամական փոխանցումների ծավալն աճել է 16.1 միլիոն դոլարով՝ 146 միլիոն դոլարից հասնելով 162.1 միլիոն դոլարի։
Ուշագրավն այն է, որ չնայած դրամական փոխանցումների նվազմանը՝ զուտ ներհոսքը (ներհոսքի և արտահոսքի տարբերությունը) աճել է 116.9 միլիոն դոլարով՝ 1 միլիարդ 86.8 միլիոն դոլարից հասնելով 1 միլիարդ 203.7 միլիոն դոլարի։
Իսկ դա տեղի է ունեցել ԿԲ տեղեկագրում միտումնավոր կամ պատահաբար տեղ գտած թվաբանական սխալի արդյունքում։
Նայեք այս աղյուսակին, որը վերցրել ենք այդ տեղեկագրից։
Ռուսաստանից ներհոսքը 2013թ. հունվար-հոկտեմբերին կազմել է 1 միլիարդ 298.6միլիոն դոլար, Հայաստանից Ռուսաստան արտահոսքը՝ 146 միլիոն դոլար։ Ըստ այդմ՝ զուտ ներհոսքը ՌԴ-ից պետք է լիներ 1 միլիարդ 252.5 միլիոն դոլար։ Մինչդեռ նշված է՝ 998.8 միլիոն դոլար։
Ըստ այդմ, սխալ է գրված նաև 2013թ. հունվար-հոկտեմբերի ընդհանուր զուտ ներհոսքի ցուցանիշը։ Այն պետք է լիներ 1 միլիարդ 252 միլիոն դոլար, մինչդեռ նշված է 1 միլիարդ 86.8 միլիոն դոլար։ Այսինքն, դրամական փոխանցումների զուտ ներհոսքը իրականում ոչ թե աճել է, այլ նվազել է 48.8 միլիոն դոլարով կամ 3.9%-ով։