Ըստ Լևոն Զուրաբանի՝ Աշոտյանի ու Շարմազանովի վարքը «բռնաբարություն է տրամաբանության նկատմամբ»
«Երեկ իշխանություները հնչեցրել են հայտարարություններ՝ ի դեմս Շարմազանովի և Աշոտյանի, որ իբր ԵՏՄ քվեարկությունը Սերժ Սարգսյանի ու նրա վարած քաղաքակության աջակցության դրսևորում էր: Եզրակացրել են, որ ընդդիմությունն, ըստ էության, սատարել է այդ քաղաքականությունը: Նրանք շատ ողորմելի վիճակում են հայտնվել, եթե կառչում են այսպիսի փաստերից»,- այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Անդրադառնալով 10 տարի առաջ ընդունված պայմանագրին՝ նա նշեց, որ այն ժամանակ 127 պատգամավոր միաձայն կողմ է եղել այդ պայմանագրի վավերացմանը. «Հիմա հայտարարենք, թե այն ժամանակ ԱԺՄ-ն, ԱԻՄ-ը, ՍԻՄ-ը Լևոն Տեր-Պետրոսյանի հավատարիմ աջակիցնե՞րն են եղել, որ նրանք սատարո՞ւմ են Տեր-Պետրոսյանի քաղաքականությանը: Ուրեմն ինչքան ողորմելի, խեղճ վիճակում են, որ կառչում են նման բաներից և փորձում են ժողովրդին ֆռռացնել: Ստիպված հիմա Աշոտյանի ու Շարմազանովի համար ես ցանկանում եմ հայտարություն անել, իրենց գետին վերադարձնելու համար անում եմ հետևյալ հայտարարությունը՝ Սերժ Սարգսյանի քաղաքականությունը դա մի մարդու քաղաքականություն է, որն ընտրակեղծիքներով զավթել է ՀՀ նախագահի պաշտոնը, որը կազմակերպել է կամ մեծ մասնակցություն է ունեցել Մարտի մեկի սպանությունների կազմակերպմանը, այն մարդն է, որ գլխավորում է այսօր այն կոռուպցիոն բուրգը ՀՀ-ում, կեղեքիչների, քրեաօլիգարխիկ բուրգը, ընդ որում ես ի նկատի չունեմ մեծահարուստներին, այլ Սերժ Սարգսյանին և նրա շրջապատին, որ ղեկավարում են Հայաստանը: Դա այն մարդն է, որ ոչ միայն ստեղծել է մենաշնորհային տնտեսություն, բազմաթիվ առավելություններ տվել իր հետ բարեկամական կամ ընկերական հարաբերություններ ունեցողներին»:
Լ.Զուրաբյանը Աշոտյանի ու Շարմազանովի վարքն անվանեց «բռնաբարություն տրամաբանության նկատմամբ»: Նա նշեց, որ Սերժ Սարգսյանը արտաքին քաղաքականության մեջ հայտնի է նախաձեռնողական քաղաքականությամբ, մասնավորապես՝ երկու՝ հայ-թուրքական արձանագրությունները՝ այսպես կոչված «ցյուրիխյան ուրացումը», որտեղ Թուրքիայի խոստումների դիմաց ըստ էության վաճառել է Հայոց ցեղասպանության ճանաչումը: Երկրորդը, ըստ նրա, եվրոասոցացման գործընթացն էր, որ 3 տարի բանակցություններ տարվեցին, ԵՄ-ին տրվեցին բազմաթիվ խոստումներ, արդյունքում այդ ամենը ամենախայտառակ ձևով ձախողվեց ու արդյունքում ստորագրվեց ԵՏՄ պայմանագիրը:
Հարցին, որ նախկինում ՀԱԿ-ականները դեմ են արտահայտվել ԵՏՄ-ին, ինչո՞ւ փոխվեց դիրքորոշումը, Լ.Զուրաբյանը պատասխանեց. «Դուք կեղծում եք իրականությանը, երբ ասում եք, թե մենք դեմ ենք եղել, հիմա փոխել ենք որոշումը: Նման հայտարարություն ոչ մի տեղ չեք գտնի: Մենք մեր դիրքորոշումը չենք հայտնել, լուրջ քննարկումներ ենք տարել, և հայտնել ենք այն ժամանակ, երբ որոշել ենք»: Անդրադառնալով ԱԺ մուտքի մոտ ԵՏՄ դեմ բողոքի ակցիային՝ Լ.Զուրաբյանը նշեց, թե դրսում ընդմանեը 10-15 մարդ է եղել, և հավելեց, թե հարգում է հավաքվածների դիրքորոշումը. «Ավելին ասեմ՝ այն մարդիկ, որ իսկապես մտածում են անկախության կորուստ կա, իրենք են իսկական դավաճաները, որ չեն եկել ԱԺ չափառները ջարդելու»:
Դիտարկմանը, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, թե Սերժ Սարգսյանի ստորագրած ոչ մի փաստաթուղթ իրավական ուժ չունի, Զուրաբյանը պատասխանեց, թե իրենք իրենց համաձայնությունը հայտնել են և այս իրավիճակում այլ բան հնարավոր չէր»: