Բաժիններ՝

Արթուր Աբրահամը՝ Գերմանիայի տարվա լավագույն բռնցքամարտիկ

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը կրկին ճանաչվել է Գերմանիայի տարվա լավագույն բռնցքամարտիկ:

Գերմանական «BoxSport» ամսագրի ժյուրիի եւ ընթերցողների միջեւ անցկացված քվեարկության արդյունքում Արթուրը հավաքել է 1053 ձայն՝ առաջ անցնելով Վլադիմիր Կլիչկոյից (775 ձայն) եւ Յոհան Պաբլո Էրնանդեսից (763 ձայն): Մեր հայրենակիցն այս անվանակարգում հաղթում է արդեն 6-րդ անգամ:

Արթուր Աբրահամի մարզիչը՝ Ուլլի Վեգները, եւս հաղթող է ճանաչվել «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում. նա այս անվանակարգում հաղթում է արդեն 12-րդ անգամ:

Արթուր Աբրահամը (Ավետիք Աբրահամյան) ծնվել է 1980 թվականի փետրվարի 20-ին, Երեւանում` Ներքին Չարբախում:
Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում բնակվում է 2003 թվականից: ՀՀ քաղաքացի լինելուց բացի` 2005 թվականից ունի նաեւ Գերմանիայի քաղաքացիություն:

Կարդացեք նաև

Դեռ վաղ մանկությունից աչքի է ընկել սպորտի հանդեպ մեծ սիրով: Մանկության տարիներին ՀՀ-ում զբաղվել է հեծանվասպորտով` դառնալով այս մարզաձևի Հայաստանի պատանիների բազմակի չեմպիոն:

2003 թվականից հանդես է գալիս գերմանական «Զաուերլանդ իվենթ» փրոմոութերական կազմակերպության ներքո, մարզիչն է անվանի Ուլլի Վեգները, մենեջերը` Վիլֆրիդը Զաուերլանդը:

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի իր մարզական կարիերայի ընթացքում ունեցել է 45 մենամարտ, որոնցից 41-ում հաղթել է` համաշխարհային դասակարգման աղյուսակներում գրավելով առաջատար հորիզոնականներ:

5 տարի (2006, 2007, 2008, 2009, 2012) «BoxSport» ամսագրի ժյուրիի եւ ընթերցողների միջեւ անցկացված քվեարկության արդյունքում Աբրահամը ճանաչվել է Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ:

Հայոց բանակում ծառայած պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը Հայաստանի զինված ուժերի «Անդրանիկ Օզանյան» շքանշանակիր է (2007թ. հունիսի 1-ից):

2011 թվականի սեպտեմբերի 16-ին` ՀՀ անկախության 20 ամյակի միջոցառումների շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգեւատրվել է 1-ին աստիճանի մեդալով «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» (Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, միջազգային մրցասպարեզներում ունեցած մեծ հաջողությունների, ձեռք բերած մարզական փայլուն նվաճումների համար):

2013 թվականի հունվարի 9-ին ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Արթուր Աբրահամին պարգեւատրել Սփյուռքի նախարարության «Պողոս Նուբար» մեդալով:

2014 թվականի հոկտեմբերի 26-ին ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը Արթուր Աբրահամին հանձնել է շնորհակալագիր` միջազգային հարթակներում Հայաստանի և հայկական սպորտի պատիվը բարձր պահելու, փայլուն հաղթանակների ու Հայաստանում բռնցքամարտի զարգացմանը մեծապես աջակցելու համար:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս