Լևոն Զուրաբյան. «Ունքը դզելով աչքն եք հանել» ու բերել այս վտանգավոր վիճակին
Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանը հայտարարեց, թե հոկտեմբերի 22-ին հարց էր բարձրացրել, որ ՀՀ արժութային ռեզերվը կտրուկ նվազել է և 550 մլն դոլարով ցածր է վտանգավոր շեմ համարվող 6 ամսվա ներմուծման ցուցանիշից: Նա նշեց, որ դրամի կտրուկ անկումը, անվերահսկելի փլուզումը փաստորեն ցույց են տալիս, որ հարցը տեղին էր.
«Կառավարությունը չի տիրապետում իրավիճակին, չունի կանխատեսման ունակություն, որի ապացույցն է, բյուջեում դոլարի 411 կուրսի ֆիքսումը: Գնաճը զսպելու ամենալավ ձևը տնտեսության ապամենաշնորհացումն է: Իսկ ՀԲ տվյալներով՝ ԱՊՀ երկրների շարքում ՀՀ-ն ամենամենաշնորհացվածն է»:
Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար, ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը պատասխանեց, թե 6 ամսվա ցուցանիշն ընդունված չէ, նորմը 3 ամսվա է և այն չի խախտվել, բայց կան այլ ցուցանիշներ՝ պարտքի բեռ և այլն. «Շատ հետաքրքիր է համադրել մի ցուցանիշ՝ ակնհայտ իմանալով, որ այդ ցուցանիշը պայմանավորված է կոնկրետ գործարքով»: Ըստ Վ. Գաբրիելյանի՝ վերցվել էին եվրոպարտատոմսեր, փակվել է ռուսական պարտքը, իսկ պատգամավորը ներկայացնում է ռեզերվների կատաստրոֆիկ կորուստ. «Չեմ կարծում, որ դա լավագույն ռազմավարությունն է դրամավարկային քաղաքականության մասին դատողություններ անելիս»:
Լ.Զուրաբյանը հայտարարեց, թե պարտքի վիճակի բարելավման արդյունքում «ունքը դզելով աչքն եք հանել» ու բերել այս վտանգավոր վիճակին. «Այս իրավիճակում, այս անվերահսկելի արժեզրկումը ո՞նց եք անելու, որ նոր տարվա շեմին չմտնի ահավոր թանկացումների հորձանուտ: Թե՞ էդ պարտքը դզելու արդյունքում այլևս չեք կարող կարգավորել»:
Վ.Գաբրիելյանը հորդորեց «մերկապարանոց հայտարարությունների փոխարեն մասնագիտական հենքի վրա դնել հայտարարությունը՝ նշելով, որ նախ պետք է քննարկել, թե ինչ դրամավարկային քաղաքականության կողմնակից է հարցադրողը, որից հետո պատրաստ է քննարկել. «Ես մեծ ուշադրությամբ ձեզ լսում էի ու չէի ընդհատում անգամ ժողովրդի անունից»: Ըստ նրա՝ գնաճի ցուցանիշը 4±1.5% է նպատակադրվել, մինչ այս եղել է 1.5% ու վերջում կլինի նպատակադրման շրջանկերում. «Զգայուն փոփոխություններ տեղի չեն ունեցել»: