Բաժիններ՝

«Ընթերցողների թիվը խորհրդային ոչխարների ծնելիության պես չես պլանավորի»

asparez.am-ը գրում է. Հարցազրույց ՀԳՄ Շիրակի մարզի պատասխանատու քարտուղար Անդրանիկ Կարապետյանի հետ

-Շատ է խոսվում է այն մասին, որ այն արվեստագետները՝ շարքային արվեստագետների մասին է խոսքը, ովքեր որոշակի բարեկեցության չեն հասել իրենց կյանքում, չեն ապահովված որոշակի մակարդակով, նրանց համար արվեստը, մասնավորապես՝ գրողի համար գրականությունը, դարձել է նախասիրություն: Այն չի հասել մասնագիտություն լինելու կարգավիճակի, որը թույլ տար գրողներին նյութականով ապահովել իրենց, մինչդեռ առավել ծանր ժամանակներ են եղել, երբ գրողն իր աշխատանքի ու ձիրքի շնորհիվ կարողացել է վաստակել: Մարդիկ այժմ հիմնականում իրենք են հոգում իրենց գրքերի տպագրման ծախսերը կամ անձամբ են դրա համար հովանավոր գտնում, պետությունն այս հարցում գրեթե չի միջամտում: Սա որեւէ բացատրություն ունի՞:

-Հետաքրքիրն այն է, որ ՀԳՄ վերջին պլենումի ժամանակ, երբ լսվում էին ժամանակակից պոեզիայի հետ կապված խնդիրներ, մի բնորոշում հնչեց՝ «օլիգարխ գրողներ»: Դա առնչվում էր նրանց, ովքեր այսօր պաշտոնեական ինչ-որ դիրքերում են գտնվում եւ ֆինանսապես նեղության մեջ չեն, իսկ քո ասածը, փաստորեն, «ոչ օլիգարխ գրողներին» է վերաբերում, ովքեր իրենց սեփական հացը, բնականաբար, գրականությամբ չեն կարողանում վաստակել: Չունեն նաեւ պաշտոնապես որոշակի աշխատանք, իրենց կոչմանը չառնչվող մի երկրորդ աշխատանք պետք է կատարեն, որպեսզի կարողանան ապրուստն ապահովեն: Ցավոք սրտի, անկախությունն արդեն երկրորդ տասնամյակն է անցել, բայց այն, որ մենք երազում էինք, թե շտկումներ կլինեն այս ուղղությամբ, այդպես էլ չեղան: Անձամբ՝ ես, տեսանելի ապագայից էլ սպասելիքներ չունեմ: Ի՞նչն է պատճառը: Պատճառը պետության վերաբերմունքն է գրողների հանդեպ: Տասը տարուց ավել անցավ մինչեւ, ՀԳՄ-ն հասարակական կազմակերպություն լինելով, ի վերջո ստեղծագործական միության կարգավիճակ ստացավ:

– Դա ինչ-որ փոփոխության բերե՞ց:

-Մենք մտածում էինք, թե դա փոփոխությունների կհանգեցնի, բայց պարզվում է, որ առարկայորեն համարյա ոչինչ չփոխվեց: Ընդամենը համագումարների անցկացման ժամկետների հետ կապված փոփոխություններ եղան: Պետական վերաբերմունքը մնաց նույնը: Ճիշտ է, որոշակիորեն կա աջակցություն՝ որոշ հեղինակների գրքերի ու գրական թերթերի հրատարակման գործում, մինչդեռ կապիտալիստական երկրներում, որոնց տեղը քարտեզի վրա նախկինում շատերը չէին էլ իմանում, շա՜տ առաջ են անցել այս ուղղությամբ: Մասնավորապես՝ Սկանդինավյան երկրներում գրողի հստակ կարգավիճակ կա: Նորվեգիայի գրողների միության անդամը, օրինակ, տարեկան շոշափելի գումար՝ թոշակ ստանալուց զատ, իր գիրքը տպագրելիս, ինքն է որոշում գրքի գինը, իսկ դրա մի մասը պետությունը գնում է հեղինակից ու բաժանում գրադարաններին: Մյուս մասը մտնում է գրախանութ եւ վաճառվում այն գնով, որքան պետությունն է գնել գրողի գիրքը: Գրողը մոտավորապես գիտի, թե շուկայում իր գիրքն ինչ գնով է հնարավոր իրացնել: Այս կերպ գիրքը տարածվում է եւ գրադարաններում, եւ գնորդների շրջանում:

-Այսօր հաճախ է նշվում այն մասին, որ Հայաստանում գրականության նկատմամբ հետաքրքրությունը մարել է, նվազել է ընթերցողների թիվը, բայց օրինակ՝ Երեւանում «Անտարես» հրատարակչությունն է գործում, որը գրականության ընտրովի նմուշներ է տպագրում եւ մեր օրերի համար բավական թանկ գներ է սահմանում: Ուրեմն՝ առնվազն ինքնածախսածածկվող մեխանիզմը գործում է, սա ինչպե՞ս կբացատրեիր:

-«Անտարեսը» կարողացել է իր շուկան գտնել, թեեւ ասեմ, որ իսկապես բավական թանկ գրքեր են: Ես, օրինակ, կարծում եմ, որ Ֆորդի մեթոդը կարելի է կիրառել. մի փոքր մատչելի գներ սահմանել, բայց գրքերի տպաքանակը մեծացնել: Ես գիտեմ, որ այդ գրքերի պահանջարկն ավելի մեծ է, քան դրանց տպաքանակը: Ենթադրենք, տպագրում են 500 օրինակ, բայց պահանջարկը, ասենք, կազմում է 2000, ինչու՞ այդ տպաքանակով չտպագրվեին գրքերը, բայց մի փոքր էժան գնով իրացվեին: Կարծում եմ, որ այս դեպքում «Անտարեսն» ավելի կշահեր: Կարելի է շուկայում այսպիսի մանեւրներ անել, բայց որ «Անտարեսն» իր շուկան ունի, դա միանշանակորեն փաստ է: Ասում են ընթերցողներ չկան, ես դրան չեմ հավատում:

-Իսկ այդ լավատեսությունը հիմքեր ունի՞:

-Վերջերս, երբ մարզային գրադարանում մենք հանդիպման էինք, տնօրեն՝ Գեւորգ Ամիրյանը, ասաց, որ այժմ ոչ միայն պահպանվում է ընթերցողների թիվը, այլեւ՝ ամսեամիս ավելանում: Եվ դա ինձ շատ ուրախացրեց: Սա այն չէ, ինչ խորհրդային շրջանում էր, երբ պլանային սկզբունքով էր ավելանում ընթերցողների թիվը: Նախկինում ինչպե՞ս էր, ասենք՝ կոլխոզը պարտավորվում էր 100 ոչխարից ստանալ 101 գառ: Դա պլան էր, որ պետք է կատարվեր: Բայց ընթերցողների թիվը խորհրդային ոչխարների ծնելիության պես չես պլանավորի: Ես նկատել եմ, որ Մարզային գրադարանում իսկապես ընթերցողներ կան, հատկապես երիտասարդության եւ աշակերտության շրջանում, որոնց մեջ նաեւ ստեղծագործողներ են հասունանում: Վերջերս մեր՝ «Եղեգան» թերթի «Սրբազան դող» մշտական դարձած խորագրի ներքո տպագրեցինք մի աղջկա գործեր, ում մենք «հայտնաբերել» էինք մարզային գրադարանում: Չասեմ տաղանդավոր, բայց շատ օժտված աղջիկ է: Հիմա նա գալիս է Գրողների տուն:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս