Շարմազանովը՝ ընդդիմադիրներին. «Էդ մեզնի՞ց եք Արցախը պաշտպանում»

«Քննարկվող հարցը շատ կարևոր է մեր երկրի ապագայի համար: Զգացմունքայնությունը բնական է, բայց չափից ավելի ուռճացումը բնական չէ»,- այսօր ԱԺ նիստում ԵՏՄ պայմանագրին միանալու հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ արձագանքելով իշխանության հասցեին հնչող մեղադրանքներին:

Նա նշեց, թե ցանկացած միության անդամագրվելուց առաջ պետության իշխանությունը ծանրութեթև է անում բոլոր պլյուսներն ու մինուսները, բայց չկա մի գործընթաց, որ իր մեջ չներառի նաև մինուսներ: Նա թվարկեց ԵՏՄ-ի պլյուսները՝ բացվում է շուրջ 180 մլն-անոց շուկա, ՀՀ-ն հնարավորություն է ունենում սպառել գազ սահմանին 189 ԱՄՆ դոլարով, ոչ թե 400-500 դոլարով. «Սա մեր ժողովրդի գրպանին ազդելո՞ւ է, թե՞ չէ: Էսօր ժողովուրդը դժվարությամբ է 189 վճարում, 500-ը ո՞նց էր վճարելու»:

Նա դրական գնահատեց, որ առաջին անհրաժեշտության ապրանքները 5 տարի չեն թանկանալու, ՌԴ-ն զինամթերք է վաճառում ՀՀ-ին ներքին գործարանային գներով: Շրմազանովը համաձայնեց, որ այն ժողովուրդը, որ ազատություւնը մի կողմ է դնում, արժանի չէ ո՛չ ազատության, ո՛չ անվտանգության, բայց հավելեց, թե չկա մի պետություն, որ որևէ միության մեջ ազատության կորուստ չունենա, օրինակ՝ ՆԱՏՕ-ի անդամները:

«Ի՞նչ մեկուսացում, երբ 180 մլն-անոնց շուկա ենք մտնում»,- ասաց Շարմազանովը:

Կարդացեք նաև

Ըստ նրա՝ ԵՄ դեսպաններն ասում են, որ պատրաստ են շարունակել ՀՀ-ի հետ համագործակցությունը և Եվրոպան դռները Հայաստանի դեմ չի փակում: Նիկոլ Փաշինյանի բերած համեմատությունը Իսրայել Օրու հետ Շարմազանովը «շատ անհաջող» անվանեց, քանի որ նա ստիպված էր գնալ ու օգնություն խնդրել. «Այսօր մենք ունենք ազատություն, որ ոչ մեկը չի նվիրել: Խոսում են Արցախի մասին: Էդ մեզնի՞ց եք Արցախը պաշտպանում: Մեր խնդիրն է Արցախի միջազգային ճանաչումը: Արցախը իրավական առումով ՀՀ-ի մաս չի և մեր պարտականությունն է պաշտպանել Արցախի իրավունքը»:

Նա ԵՏՄ-ին անդամակցությունը պայմանավորեց ՀՀ անվտանգության, ՀՀ և Արցախի տնտեսական և քաղաքական հզորությամբ:

Տեսանյութեր

Լրահոս