
ԵՄ-ը պատրաստ է Մերձդնեստրի հարցով աշխատել Մոլդովայի ապագա կառավարության հետ

ZN.UA-ի փոխանցմամբ՝ ԵՄ-ը ողջունել է Մոլդովայում անցկացված խորհրդարանական ընտրություններն ու ակնկալում է երկրում նոր կառավարության արագ կազմավորում: Այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովի մամլո ծառայությունը:
ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մողերինիի ու ԵՄ-ի ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հահնի տարածած համատեղ հայտարարությունում նշված է, որ ԵՄ-ը պատրաստ է շարունակել Մոլդովայի հետ սերտ համագործակցությունը.
«ԵՄ-ը պատրաստ է աշխատել (Մոլդովայի) ապագա կառավարության հետ՝ կապված Մերձդնեստրի հակամարտության խաղաղ կարգավորման հետ, որը հենված կլինի Մոլդովայի Հանրապետության տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության և Մերձդնեստրի համար հատուկ կարգավիճակի մասին սկզբունքների վրա»:
Նախնական տվյալներով՝ Մոլդովայի խորհրդարանական ընտրություններում հաղթել է իշխող դաշինքը, որը ձգտում է եվրաինտեգրման: