
Գալուստ Սահակյան. Որոշ պատգամավորներ իրենց սրբերի տեղ են դրել

«Մենք չունենք լավ ու վատ պատգամավորներ, մենք ունենք պատգամավորներ: Շատ վատ բնավորություն է, երբ բնավորություն ես ձեռք բերում անընդհատ խոսել ու հետո ասել, որ ես ակտիվ եմ, նա ակտիվ չի»,- այսօր ԱԺ նիստում «ՀՀ ընտրական օրենսգիրքը բարեփոխելու մասին» եռյակի ներկայացրած օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ խորհուրդ տալով չբաժանել խմբերի:
Ըստ նրա՝ որոշ պատգամավորներ իրենց սրբերի տեղ են դրել: Գ.Սահակյանը նշեց, որ ԱԺ պատգամավորների մեծ մասի հետ երկար ճանապարհ է անցել, ու այսպիսի խոսակցությունների ժամանակ մտածում է՝ «ախր ես գիտեմ, քո մասին, դու ինչի՞ ես խոսում իմ մասին»: Գ.Սահակյանի խոսքով՝ ընտրություններից ոչ մեկը գոհ չի լինում, բայց ընտրատեղամսերում վաճառում են իրենց տեղերը:
Նշելով, որ երկրի քաղաքական համակարգը ձևավորում են կուսակցությունները ընտրությունների միջոցով, Գ.Սահակյանը հայտարարեց, որ «կոճակ սեղմելը» քաղաքական թիմի ամրությունն է ցույց տալիս և իմաստն այն է, որ քննարկեն ու միաձայն որոշեն:
«Ո՞վ է ասել, որ մենք Ընտրական օրենսգրքի փոփոխման կարիք ունենք: Մի բան որ մտածում եք, մտածեք արդյունքը ինչ կլինի: Թե պիտի ասեք՝ բոբո Հանրապետականը չթողեց»,- ասաց Գ.Սահակյանն ու խորհուրդ տվեց «հանրապետականի դարդով քիչ էդպես շռայություն թույլ տալ»:
ԱԺ նախագահի խոսքով՝ ազատ, անկախ ընտրություններ բոլորին են պետք և իրենք գնում են սահմանադրական փոփոխությունների. «Մենք ոչ թե համաձայն չենք, այլ մենք ինքներս նախաձեռնելու ենք և ԸՕ-ն ավելի մատչելի ենք դարձնելու»: