
Պուտինն Անկարայում այցելել է Աթաթուրքի դամբարան (տեսանյութ)

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պետական այցով Թուրքիա ժամանած Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Անկարայի «Էսենբողա» օդանավակայանում դիմավորել են Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը, Թուրքիայի ԱԳՆ-ի դիվանագետներ և Թուրքիայում Ռուսաստանի դեսպանը:
Պուտինն օդանավակայանից ուղևորվել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի դամբարան՝ Անըթքաբիր, ուր և ծաղկեպսակ է դրել նրա գերեզմանին: Պուտինը նաև գրառում է կատարել Պատվավոր հյուրերի գրքում.
«Ռուսաստանում խորապես պատվում են Թուրքիայի Հանրապետության հիմնադրի հիշատակը: Բարձր ենք գնահատում Թուրքիայի առաջին նախագահի ներդրումը մեր պետությունների միջև բարիդրացիական հարաբերությունների հաստատման մեջ»:
Ներկա դրությամբ Պուտինն արդեն իսկ բանակցում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ: «Տետ-ա-տետ» ձևաչափով այդ հանդիպումից հետո մեկնարկելու է Ռուս-թուրքական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստը, որն ավարտվելու է ռուս-թուրքական փաստաթղթերի ստորագրմամբ ու Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների համատեղ մամլո ասուլիսով: