Սաակաշվիլին չեչեն զինյալներ է պատրաստել Վրաստանի տարածքում. մամուլ

Ռուսական «Վզգլյադ» թերթի փոխանցմամբ՝ Վրաստանի ժողովրդական պաշտպան Ուչա Նանուաշվիլին ու փորձագետների խումբը ավարտել են 2012 թվականի օգոստոսին Լոպոտի կիրճում (Դաղստանի հետ սահման) վրացի ուժայինների իրականացրած հատուկ գործողության հանգամանքների ուսումնասիրումը:

Այս մասին հայտնել է թբիլիսյան «Պալիտրա նեդելի» թերթը: 2012 թվականի օգոստոսին զոհվել էր 3 վրացի հատուկջոկատային ու 11 (այլ տվյալներով՝ 7) զինյալ: Հանձնաժողովը նախորդ տարվա հոկտեմբերից ուսումնասիրում է տվյալ միջադեպի նյութերը:

Պարզվել է, որ Վրաստանի նախկին իշխանությունները 2012 թվականի գարնանից սկսել են ընդունել չեչեն վետերանների ու երիտասարդների՝ խոստանալով նրանց ռազմական դասընթացներ, զենք ու միջանցք դեպի Հյուսիսային Կովկաս: Պլանավորված է եղել ամեն ամիս Վրաստանից Ռուսաստան ուղարկել 50 պատրաստություն անցած զինյալի:

Զինյալների խումբը նախապատրաստություն է անցել «Վազիանի» ու «Շավնաբադա» ռազմաբազաներում: Նրանց հետ կապի մեջ է եղել տվյալ ժամանակ Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Գիա Լորտկիպանիձեն:

Սակայն հետագայում զինյալների մի մասը սկսել է դժգոհել, որ իրենց չեն ուղարկում Հյուսիսային Կովկաս, և սկսել է մտածել, որ իրենց կարող են օգտագործել ներվրացական գործընթացներում:

Այդ ժամանակ Վրաստանում մոտենում էին խորհրդարանական ընտրությունները, որոնց արդյունքներով պարտություն կրեց Վրաստանի տվյալ ժամանակվա նախագահ Միխեիլ Սաակաշվիլու «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը:

Եվ երբ զինյալների խմբերից մեկը Պանկիսից շարժվել է Լոպոտի կիրճի ուղղությամբ, Վրաստանի ՆԳՆ-ը նրանից պահանջել է վայր դնել զենքն ու հանձնվել: Զինյալները հրաժարվել են, սկսվել է մարտ, որն էլ հանգեցրել է զոհերի:

Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին խոստովանել է, որ ահաբեկիչները կարող էին պատրաստություն անցնել Վրաստանում կամ էլ նրա տարածքն օգտագործել տարանցման նպատակներով: Նա անհրաժեշտ էր համարում հետաքննության ավարտին սպասելը:

Տեսանյութեր

Լրահոս