Րաֆֆի Հովհաննիսյան. Մենք փող չունենք, որ մարդկանց բերենք ավտոբուսներով
Եռյակը պետք է ժողովրդի առջև հուշագիր ստորագրի` տեղեկացնելով, թե որն է շարժման նպատակը և ինչ միջոցներով է նա պատրաստվում հասնել այդ նպատակին, որովհետև ժողովուրդը պետք է իմանա, թե ուր է գնում այս ամենը: Այսօրվա ասուլիսում այսպիսի հայտարարություն արեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Ր. Հովհաննիսյանը բոլորին` խորհրդարանական, արտախորհրդարանական քաղաքական ուժերին, քաղաքացիական խմբերին և անհատ քաղաքացիներին, հրավիրում է դեկտեմբերի 5-ին, ժամը 17-ին, մանակցելու Երևանի Ազատության հրապարակում կայանալիք քաղաքացիական ժողովին` «ազատ, անկախ, սահմանադրական Հայաստան» խորագրով:
Հավաքի գլխավոր կարգախոսներն են՝ անհապաղ ու ամբողջական իշխանափոխություն, ինքնիշխան Հայաստան, ճանաչված Արցախ և իրավատեր քաղաքացի: Իսկ հաջորդ օրը` դեկտեմբերի 6-ին, «Ժառանգության» առաջնորդն իր համախոհների հետ կլինի նախ Վանաձորում, հետո` Գյումրիում:
Ըստ էության, «Ժառանգության» առաջնորդի այս նախաձեռնության դրդապատճառը Եռյակի մյուս ուժերի կողմից իշխանության դեմ հանրավաքային պայքարի դադարեցումը և Եռյակի ներսում միասնական օրակարգի բացակայությունն է:
Հիշեցնենք, որ դեռ նոյեմբերի 9-ին Հայ ազգային կոնգրեսը հրապարակային հայտարարությամբ դիմել էր «Բարգավաճ Հայաստանին»` կոչ անելով չդադարեցնել ակտիվ քաղաքական գործողություններն Ազատության հրապարակում, ինչին ԲՀԿ-ի խոսնակը պատասխանել էր, որ ԲՀԿ-ն պատրաստ է հրապարակային միջոցառումների, այդ թվում` հանրահավաքների, բայց ճիշտ պահին, և յուրաքանչյուր քաղաքական ուժ իրավունք ունի ինքնուրույն կազմակերպել զանգվածային միջոցառում` ցանկացած վայրում և ցանկացած պահին:
«Ժառանգությունը» համաձայն չէ այս մոտեցման հետ, և Րաֆֆի Հովհաննիսյանն ասուլիսում անթաքույց ակնարկեց իր դժգոհությունը հատկապես ԲՀԿ-ին և ԲՀԿ- նախագահ Գագիկ Ծառուկյանին` ասելով, որ ինքը ժողովրդի հետ հանդիպումների է գնալու առանց թիկնապահների և առանց «տեսախցիկների», որովհետև դա իր տեսակն է: Իսկ Եռյակը, ըստ Հովհաննիսյանի, միասնական օրակարգ չի ձևավորել այն պատճառով, որ «խոսքը» և «գործը» մեկ-մեկ չեն համընկել իրար:
Րաֆֆի Հովհաննիսյանը ողջունում է կուսակցությունների հրապարակային գործունեությունը և համոզված է, որ շարժումն էլ պիտի լինի հրապարակային, և բոլորը պետք է իմանան, թե ինչ որոշումներ են կայացվել:
«Մենք չենք աշխատում քանակի վրա, մենք փող չունենք, որ մարդկանց բերենք ավտոբուսներով, նաև TV չունենք»,- նկատեց Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչին լրագրողներից մեկը արձագանքեց. «Իսկ «Կենտրոնը» Ձեզ չի՞ սատարում»:
«Կենտրո՞նը, ո՞ր կենտրոնը, Մոսկվա՞ն, թե՞ Վաշինգտոնը»,- ժպտալով պատասխանեց քաղաքական գործիչը:
«Չի կարելի ժողովրդին բերել հրապարակ, հաջող հավաք ունենալ, հետո ուղարկել հերթական արձակուրդի,- շարունակեց Հովհաննիսյանը` ավելացնելով,- Եկել է այն խաչմերուկը, որ պետք է որոշենք, թե իրապես որն է մեր նպատակը: Մեր նպատակը, ինչպես առաջարկել ենք, այն է, որ պետք է միակարծության հիման վրա լինեն որոշումները, նպատակը պետք է լինի սահմանադրական, ինքնիշխան Հայաստանը` ամբողջական իշխանափոխությամբ, որն ուղղակի իմաստով նշանակում է նախագահական և խորհրդարանական նոր ընտրություններ, և հետո արդեն ժողովրդին պատկանող իշխանությունը թող որոշի, թե ինչ է անելու»:
Հովհաննիսյանն ավելացրեց, որ իրենց նպատակը սահմանադրական հեղափոխությունն է և Սահմանադրության 2-րդ հոդվածի իրականացում, բայց այդ փոփոխությունը պետք է լինի առանց արյան և առանց ցնցումների. «Մենք չունենք արյան շռայլություն, որ տանք հատկապես մեր հայրենիքի ներսում, բայց կարծում եմ, որ ժողովուրդը, քաղաքացիությունը պահանջում է փոփոխություն և պատրաստ է նաև դիմակայության դեմ դիմաց չընտրված իշխանությունների հետ: Եվ այդ «դեմ դիմացը» պետք է կայանա: Ցավոք սրտի, հոկտեմբերի 24-ից հետո այդ դեմ դիմացը չի կայացել. ժողովուրդը եկավ, հարգեցինք միացյալ հրապարակը, բայց տակավին չունեցավ շարունակություն»:
Չե՞ք պատրաստվում հայտարարել, որ դուրս եք գալիս Եռյակից,- հարցրին Րաֆֆի Հովհաննիսյանին:
Ի պատախան` նա ասաց, որ երեք ուժերի համագործակցությունից դուրս գալու խնդիր չկա, բայց առաջ շարժվելու համար անհրաժեշտ է, որ Եռյակը ժողովրդի առջև հուշագիր ստորագրի, թե ո՞րն է շարժման նպատակը և որո՞նք են այդ նպատակն իրացնելու միջոցները և նաև որոշումները կայացնելու մեխանիզմները:
«Առանց դրա մենք շատ պիտի դժվարանանք առաջ գնալու: Հույս ունենալով, որ այս համագործակցությունը կշարունակվի, կարող եմ ասել, որ երեք ուժերի համագործակցությունից դուրս գալու որևէ խնդիր չկա: Խորհրդարանում շատ լավ համագործակցել ենք: Ովքեր հեգնել են, ես պատասխանել եմ, որ պետք չէ հեգնել, որովհետև սա աննախադեպ համագործակցություն է, բայց եթե այս համագործակցության տարապատկերը դուրս պիտի գա խորհրդարանից, ուրեմն այլ ձևով պիտի ներկայանանք միասին ժողովրդին: Չեմ կարծում, որ հարց է դրված համագործակցությունից դուրս գալու մասին, ընդհակառակը` ուժեղացնելու, խորացնելու և ամբողջացնելու հարց կա: Ես հույս ունեմ, որ առաջիկա շաբաթների ընթացքում այս հստակեցումները տեղի կունենան, որովհետև չի կարելի ժողովրդին հրավիրել հրապարակ, ունենալ շատ հաջող հավաքներ, անգամ բանավեճ հարթակի վրա, հետո ժողովրդին հերթական անգամ արձակուրդի ուղարկել: Մեր ժողովուրդը պիտի իմանա, թե ուր է գնում այս ամեն ինչը»,- նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա նաև ավելացրեց, որ առայժմ մյուս ուժերից արձագանք չկա իր նախաձեռնությանը, բայց ինքը կողջունի բոլորի մասնակցությունը հավաքին. «Հույս ունեմ, որ սա խթան կդառնա, որպեսզի հաջորդ հավաքը լինի միացյալ»: