Նախագահին պաշտոնանկ անելու նախաձեռնությունը եռյակը պետք է համարի օգնություն իշխանափոխության գործի մեջ. Ալեն Սիմոնյան

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը չի գտնում, որ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ Սերժ Սարգսյանին իմպիչմենտ հայտարարելու նախաձենռությունը ընդդիմության դեմ էր: Այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ դա նորմալ քայլ է.

«Եռյակին  մեղադրում էին, որ անիմաստ միտինգներ է անում, եռյակը փորձում էր ինչ-որ հակահարվածներ տալ: Հիմա էս մարդն էլ այսպես է մտածում:

Որ քաղաքական ուժն ինչ քայլ անում է, ինքը այդպես է ճիշտ գտնում: Թե վերջում ի՞նչ կստացվի, ժամանակը ցույց կտա: Դատապարվա՞ծ է, թե՞ ոչ… ի սկզբանե շատ բան էր դատապարտված, բայց անում էին: Իհարկե, դատապարտված է, պարզ է՝ որ չի լինելու, բայց քայլ է: Ես գտնում եմ, որ դա նորմալ է»:

Քաղաքացիական պայմանագրի կառավարման խորհրդի անդամ Ալեն Սիմոնյանը՝ որպես Նիկոլ Փաշինյանի գործընկեր նշեց, որ նախ՝ այդ քայլն արվեց, որպեսզի ֆիքսվի Ն. Փաշինյանի տեղը, այսինքն՝ ինքը ևս մեկ անգամ հաստատեց իր պատգամավորական թե՛ գործունեության, թե՛ իր ընդդիմադիր լինելու փաստը.

«Ընդհանարապես, ԱԺ-ի պատմության մեջ եղել են շատ դեպքեր, որոնք նույնպես դատապարտված են եղել, բայց այդ գործընթացը տեղի է ունեցել: Կան ևս մի քանի պատճառներ, թե ինչի արվեց, որոնց մասին Ն. Փաշինյանն ինքը կասի»:

Ըստ Ա. Սիմոնյանի՝ խոսել PR-ի մասին և ընդհանարապես այդ բառն օգտագործել, կատեգորիկ սխալ է, որովեհտև իմպիչմենտ բառով Ն. Փաշինյանն ունեցել է նախաձեռնություն 2007 թվականին, ԱԺ ՀԱԿ խմբակցություն մտնելուց առաջ՝ դա նաև եղել է իրենց նախընտրական ծրագրի կետերից մեկը. «Ն. Փաշինյանը՝ որպես այդ խմբակցության կողմից ԱԺ ընտրված պատգամավոր, իր պարատվորությունների շրջանակներում դա ներկայացրել է»:

Ա.Սիմոնյանը նշեց, որ կար ժամանակ, երբ ՀԱԿ խմբակցությունը ուներ փոքրամասնություն ԱԺ-ում, և այդ հարցը, գուցե, ինչ-որ  ձևով ժամանակավրեպ էր ու հնարավոր չէր ընդհանրապես որևիցե ձևով  օրակարգ մտցնել, իսկ այսօր հայտարարվում է, որ կա եռյակ, որոնց քանակը բոլորովին բավարարում է, որպեսզի այդ հարցը մտնի ԱԺ-ի օրակարգ.

«Սա ԱԺ-ի ընտրություններից առաջ տրված խոստումներից մեկն է, որը Նիկոլ Փաշինյանը պարտավոր է կատարել իր ընտրողների առաջ և որպես քաղաքացի»:

Ա. Սիմոնյանը տեղեկացրեց նաև, որ այդ փաստաթուղթը 1 տարի շրջանառությունից դուրս չի  գալու.

«Այսօր մի մեծ քաղաքական ուժ հայտարարում է, որ ինքը գնում է իշխանափոխության, ամբողջական իշխանափոխության, կարծում եմ՝ սա եռյակը պետք է համարի օգնություն այդ գործի մեջ, որ օրկարգում 1 տարի լինելու է այդ խնդիրը, որի շուրջ իրենք կարող են գործողությունները ծավալել:

Եթե դուք նկատեցիք, դա արվեց թեժ աշնան վերջում, այսինքն՝ դա արվեց, երբ արդեն ակներև էր, որ որևիցե բան թեժ աշնան մասին չի խոսում»:

Հարցին՝ դա ուղղվա՞ծ էր ԲՀԿ-ի դեմ, Ա.Սիմոնյանն այսպես պատասխանեց.

«Իսկ ի՞նչն էր խանգարում ՀԱԿ և «ժառանգություն» կուսակցություններին ստորագրել այդ փաստաթղթի տակ: Ի՞նչ է նշանակում ուղղված էր ինչ-որ մեկի դեմ: Որևիցե մեկի դեմ ուղղված չէր, դա հստակեցում էր»:

 

Տեսանյութեր

Լրահոս