
«Ուրվական զինվորները» Իրաքի կառավարության համար տարեկան արժեցել են 380 միլիոն դոլար

Ամերիկյան The Washington Post թերթի փոխանցմամբ՝ Իրաքի բանակում ռոճիկ է ստացել մոտ 50.000 գոյություն չունեցող զինվոր: Այս մասին հայտարարել է Իրաքի վարչապետ Հայդար ալ-Աբադին: Տվյալ տեղեկատվությունը ստացվել է մի շարք կոռուպցիոն գործերի հետաքննման ընթացքում:
Նախնական մարտական պատրաստության դասընթաց անցած Իրաքի բանակի զինվորը միջին հաշվով ամսեկան ստանում է 600 դոլար: Այդպիսով «ուրվական զինվորները» Իրաքի կառավարության համար տարեկան արժեցել են մոտ 380 միլիոն դոլար:
Սակայն պաշտոնատար անձինք կարծում են, որ դա իրական ծախսերի միայն մի մասն է: Անվտանգության հանձնաժողովի անդամ Համիդ ալ-Մութլաքը հայտարարել է, որ իրականում այդ թիվը կարող է եռակի ավելին լինել. «Դրա համար պատասխանատու անձինք պետք է պատժվեն: Իրաքի գանձարանը դատարկ է»: