ՀԱԿ-ը շեղվել է իշխանափոխություն իրականացնելու իր ծրագրային դրույթից

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնանկության վերաբերյալ իր նախաձեռնությանը, որին միացել է ընդամենը երկու պատգամավոր՝ հայտարարեց, որ ինքը շարունակելու է իր նախաձեռնությունը և պատրաստվում է առաջիկայում այն դարձնել օրենքի համապատասխան նախագիծ, որը ենթադրում է, որ այն կքննարկվի ԱԺ համապատասխան հանձնաժողովում, ապա՝ ԱԺ լիագումար նիստում:

Հարցին, թե արդյոք իր նախաձեռնությամբ ինքը ցանկանում էր բացահահտել ոչ իշխանական եռյակի իշխանափոխություն անել անկեղծությունը, Ն. Փաշինյանը պատասխանեց, որ աշնանային զարգացումների կոնտեքստում հայտարարվում էր, որ եռյակը պատրաստվում է շուտափույթ և ամբողջական իշխանափոխություն իրականացնել, և իր նախաձեռնությունը իրեն հնարավորություն տվեց բացահայտելու այդ հայտարարությունների իրական արժեքը:

Հարցին՝ համամի՞տ եք Արտաշես Գեղամյանի այն դիտարկմանը, որ այս նախաձեռնությունը ապացուցեց, որ Սերժ Սարգսյանը վայելում է խորհրդարանի մեծամասնության լիակատար աջակցությունը, Ն. Փաշինյանը պատասխանեց, որ այն քաղաքական ուժերը, որոնք համամիտ չեն Գեղամյանի այդ հայտարարության հետ, հնարավորություն ունեին միանալու իր նախաձեռնությանը:

Անդրադառնալով ՀԱԿ-ի՝ իր նախաձեռնության չմիանալու պարզաբանմանը, թե այդ նախաձեռնությունն իրատեսական չէ, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե այս ընթացքում ՀԱԿ-ը հանդես է եկել բազմաթիվ ծրագրային նախաձեռնություններով՝ ի սկզբանե իմանալով, որ այն ԱԺ-ում տապալվելու է: Նա հիշատակեց Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրով հանձնաժողով ստեղծելու ՀԱԿ նախաձեռնությունը, որը ՀԱԿ-ը՝ իմանալով, որ տապալվելու է, այնուամենայնիվ երկու անգամ ներկայացրել է ԱԺ, քանի որ դա ՀԱԿ-ի ծրագրային դրույթներից էր:

Կարդացեք նաև

Ն. Փաշինյանն ընդգծեց, որ Սերժ Սարգսյանի պաշտոնանկությունն ու իշխանափոխությունը  նույնպես ՀԱԿ ծրագրային դրույթներից է եղել, որից, սակայն, ՀԱԿ-ն այսօր շեղվել է:

Տեսանյութեր

Լրահոս