Նրանք ձևացնում են, թե մեր ընկերներն են, սակայն իրականում ցանկանում են սպանել մեզ. Էրդողանը՝ Արևմուտքի մասին

MK-Turkey-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը նոյեմբերի 27-ին մասնակցել է Ստամբուլում տեղի ունեցած Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) տնտեսական ու առևտրային համագործակցության մշտական հանձնաժողովի նիստին:

Իր ելույթում Էրդողանը դիմել է նրանց, ովքեր քննադատել են իր այն հայտարարությունը, որ «մուսուլման ծովագնացներն են առաջինը հայտնագործել Ամերիկան և ոչ թե Քրիստափոր Կոլումբոսը»:

Էրդողանը հայտարարել է, որ «իրականում իրեն քննադատողները տառապում են թերարժեքության զգացումով, և որ մուսուլման ճանապարհորդների սխրանքը պատմական փաստ է». «Ես արևմտյան ԶԼՄ-ների թիրախ դարձա պարզապես նրա համար, որ կրկնեցի գիտական հետազոտությունների վրա հենված փաստը»:

Անդրադառնալով Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին՝ Էրդողանը հայտարարել է. «Օտարազգիներն ի վիճակի չեն լուծել Մերձավոր Արևելքի խնդիրները, քանի որ արևմտյան պետությունները չեն սիրում նրա բնակիչներին և ավելի շատ շահագրգռված են նյութական շահ ստանալու մեջ:

Միայն մենք ինքներս կարող ենք լուծել մեր խնդիրները: Ես բաց ձևով հայտարարում եմ, որ օտարազգիները սիրում են իսլամական աշխարհի նավթը, ոսկին, ալմաստն ու էժան աշխատուժը: Նրանց դուր են գալիս Մերձավոր Արևելքի հակամարտությունները, պատերազմներն ու վեճերը: Հավատացե՛ք, որ նրանք նման չեն մեզ:

Նրանք ձևացնում են, թե մեր ընկերներն են, սակայն իրականում ցանկանում են սպանել մեզ, նրանց դուր է գալիս նայել, թե ինչպես են մահանում մեր երեխաները: Որքա՞ն երկար մենք պետք է հանդուրժենք դա: Իսլամական աշխարհի ճգնաժամի հաղթահարման միակ պայմանը միասնությունը, համերաշխությունն ու միությունն են:

Հավատացե՛ք ինձ, որ մենք կարող են բոլոր խնդիրները լուծել այնքան ժամանակ, քանի դեռ միասնական ենք: Եթե մենք գործենք համատեղ, ապա վերջ կդնենք Պաղեստինի ճգնաժամին, որը շարունակվում է գրեթե մի ամբողջ դար: Եթե մենք միավորվենք, ապա կարող ենք դադարեցնել Իրաքի արյունահեղությունն ու սիրիացի երեխաների սպանությունը»:

Տեսանյութեր

Լրահոս