
Ջեյմս Ափաթուրայը դեկտեմբերի 3-ին կժամանի Վրաստան

Грузия Online-ի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 3-ին Վրաստան կժամանի Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը: Այս մասին այսօրվա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի ԱԳՆ-ի մամլո խոսնակ Դավիթ Կերեսելիձեն:
Նրա խոսքերով՝ բացի Ափաթուրայի վրացական այցից, պլանավորված է նաև, որ Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ կհանդիպի Վրաստանի արտգործնախարար Թամար Բերուչաշվիլին: Հանդիպումը տեղի կունենա ՆԱՏՕ-ի անդամ ու գործընկեր երկրների նախարարական հանդիպման շրջանակներում:
Վրաստանի արտգործնախարարը դեկտեմբերի 4-5-ին Շվեյցարիայում մասնակցելու է ԵԱՀԿ-ի նախարարական հանդիպմանը, ինչպես նաև հանդիպումներ է ունենալու այդ երկրի նախագահ, ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարի և ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահի հետ: