Հայրը Սիրիայում սպանեց 30.000 մարդու, իսկ որդին՝ 300.000 մարդու. Էրդողան

Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հերթական անգամ քննադատել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին. «Թե՛ Ասադը, թե՛ «Իսլամական պետությունը» տեռորի են ենթարկել տարածաշրջանը: Ինչո՞ւ են այդքան վստահում Ասադին:

Եթե նա հաջող կառավարող լիներ, ապա Սիրիան չէր ընկնի այս օրը: Դժբախտաբար, նրանք Սիրիան զոհաբերեցին միջդավանաբական կռվին: Նրա (Բաշար Ասադի) հայրը (Հաֆեզ Ասադ) Համայում, Հոմսում սպանեց 30.000 մարդու, իսկ այս մարդը (Բաշար Ասադ) 300.000 մարդ է սպանել ողջ Սիրիայում»:

Էրդողանը միջազգային հանրությանը մեղադրել է Սիրիայի հակամարտության հարցում «4 տարի լռություն պահպանելու» մեջ՝ ընդգծելով, որ դա հանգեցրեց նաև նրան, որ «Իսլամական պետություն» խմբավորումը գրավել է Իրաքի տարածքի 40 տոկոսը:

Էրդողանը կարծում է, որ միայն ավիահարվածները բավարար չեն «Իսլամական պետությանը» կանգնեցնելու համար, և որ անհրաժեշտ է ձեռնարկել ցամաքային ռազմական գործողություն: Էրդողանը կարևորել է Սիրիայում ու Իրաքում թռիչքազերծ ու անվտանգության գոտիների ստեղծումը՝ ի հավելումն «Իսլամական պետության» դեմ պայքարողներին պրոֆեսիոնալ ռազմական ուսուցում տալու:

Տեսանյութեր

Լրահոս