
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մտադիր է հանդիպել Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մտադիր է հանդիպել Ռուս ուղղափառ եկեղեցու պատրիարք Կիրիլի հետ: Այս մասին նա հայտարարել է Ստամբուլից Հռոմ վերադառնալիս լրագրողների հետ զրույցում.
«Մենք Մոսկվայի ու համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ ցանկանում ենք հանդիպում անցկացնել, երկուսս էլ պատրաստվում ենք դրան: Մենք այդ ուղղությամբ ենք շարժվում պատասխանատվության զգացումով ու բարի կամքով՝ մտադիր լինելով վերացնել բոլոր խոչընդոտները»:
Հռոմի պապը հայտարարել է, որ մեծ հարգանքով է վերաբերվում Ռուս ուղղափառ եկեղեցուն, նրա հոգևոր հարուստ ավանդույթներին: Ամփոփելով իր թուրքական այցի արդյունքները՝ Ֆրանցիսկոսն ընդգծել է ժամանակակից աշխարհում քրիստոնեական աշխարհի մեծ նշանակությունը և դրանում ուղղափառության դերը:
Ֆրանցիսկոսը Ստամբուլում հանդիպել է Պոլսո Հունաց պատրիարք Բարդուղեմիոսի հետ և հանդես է եկել քրիստոնյաների միասնության ու քրիստոնեության ու իսլամի ներկայացուցիչների միջև երկխոսության օգտին: