Ուղղակի ներդրումների մեծ մասը բաժին է ընկնում Ռուսաստանին
2014թ. հունվար-սեպտեմբերին տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների ներհոսքերի ծավալը (առանց պետական կառավարման և բանկային համակարգով ստացվածի) կազմել է 616.9 միլիարդ դրամ, որից ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 311.4 միլիարդ դրամ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը։
Նշենք, որ ներդրումների հաշվարկման մեթոդաբանության փոփոխության հետևանքով հնարավոր չէ համեմատականներ անցկացնել նախորդ տարիների հետ։
Փոխարենը, վիճակագրությունից երևում է, որ 311.4 միլիարդ դրամ ուղղակի ներդրումների առյուծի բաժինը՝ 235.3 միլիարդը բաժին է ընկել Ռուսաստանին։ Իսկ այդ 235.3 միլիարդից 227.8 միլիարդը ներդրվել է էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտում։
Այս գումարի մեջ է մտնում նաև «ՀայՌուսգազարդ»-ում Հայաստանի 20% բաժնեմասի վաճառքը Ռուսաստանին։ Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին Ռուսաստանի «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը և Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը «Գազպրոմ»-ի գլխավոր գրասենյակում անցկացված հանդիպման ժամանակ ստորագրել են «ՀայՌուսգազարդ»-ում 20 տոկոս բաժնեմասի առուվաճառքի պայմանագիրը: Պայմանագրի համաձայն՝ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալում ՀՀ սեփականությունը հանդիսացող 20,0007 տոկոս բաժնեմասը՝ 12 600 000 հատ սովորական անվանական բաժնետոմսերի փաթեթը 63,333.9 մլրդ դրամ ընդհանուր արժեքով օտարվեցՌԴ «Գազպրոմ» ԲԲԸ-ին: