
Սպասվում են տեղումներ ձնախառն անձրևի տեսքով. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները

Դեկտեմբերի 1-3-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունը կրկին գտնվելու է ցիկլոնի ազդեցության գոտում, և ժամանակ առ ժամանակ դադարներով դիտվելու են տեղումներ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ, աշխարհագրական գիտությունների թեկնածու Գագիկ Սուրենյանը:
Նրա խոսքով՝ տեղումները լեռնային շրջաններում և նախալեռներում կդիտվեն ձյան տեսքով, Արարատյան դաշտում ձնախառն անձրևի և անձրևի տեսքով:
Եկող շաբաթվա ընթացքում օդի ջերմաստիճանի լուրջ տատանումներ չեն սպասվում: Օդի ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մոտ 3-5 աստիճանով: Երևանում գիշերային ժամերին հիմնականում կլինի 1-3 աստիճան տաքություն, ցերեկը՝ մինչև 7-9 աստիճան տաքություն:
Գ. Սուրենյանի խոսքով՝ մոտակա ժամանակներում պետք չէ ձյան սպասել. «Ներկա պահին այդպես նորմալ ձյուն, որ կգա, ձնածածկույթ կձևավորվի, նման գործընթաց մենք չունենք, չենք կանխատեսում: Ջերմաստիճանը տաք է, և եթե ձյուն էլ լինի, ապա ձնախառն անձրևի տեսքով, որը ձնածածկույթ չի առաջացնի»:
Նշենք, որ ներկա պահին հանրապետությունում դիտվում են տեղումներ՝ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով: Ձյան ծածկի առավելագույն բարձրությունը դիտվում է Քաջարանում 28սմ, Վարդենիսում, Հրազդանում և Սևանում՝ 30սմ, մյուս լեռնային շրջանններում՝ 15-20սմ: Ձյան ծածկը բացակայում է միայն Սյունիքի հովիտներում, Տավուշի հովիտներում և Արարատյան դաշտում:
Աստղիկ Իսկանդարյան